Կոնսերվատորիայի ուսանողուհի Շուշաննա Պուչինյանը ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի ջութակահարուհի Շուշաննա Պուչինյանը Իտալիայում մասնակցել է Citta di Cervignano International Violin Competition-ին ու արժանացել առաջին մրցանակին։
Մրցույթին մասնակցել են բազմաթիվ երկրներից ջութակահարներ։ Ջութակահարների մրցույթում Հայաստանը ներկայացնող Շուշաննա Պուչինյանը և Ռուսաստանից, Սլովենիայից, Իտալիայից ներկայացուցիչներն անցել են եզրափակիչ։ Միջազգային ժյուրին գլխավորել է հանրահայտ ջութակահար Իլյա Գրուբերտը։ Հենց ժյուրիի ընտրությամբ էլ Շուշաննան ճանաչվել է լավագույնը։
«Ինձ մոտեցավ Իլյա Գրուբերտն ու ասաց, որ շատ է հավանել Բախի՝ իմ կատարումը»,- Panorama.am-ի հետ զրուցում ասաց Շուշաննան։
Շուշաննան սովորում է Սյուզաննա Երիցյանի դասարանում, 2023 թվականի հունիսից դասընթացներ է անցնում ջութակահար Ռոբերտ Ստեփանյանի մոտ։
Խոսելով ընտրած երաժշտական գործիքի մասին՝ նա պատմեց. «6 տարեկան էի, ծնողներս ինձ տարան Սերգեյ Խաչատրյանի համերգին։ Ինձ միանգամից գերեց ջութակը, սիրարահարվեցի այդ գործիքի հնչողությանը։ Ասացի՝ ես պետք է նվագեմ ջութակ։ Բայց քանի որ մեր ընտանիքում կային երեք երաժիշտ, ծնողներս դեմ էին, ուզում էին այլ մասնագիտությամբ շարունակեմ։
Մեկ տարի անընդմեջ լացելուց, պայքարելուց հետո յոթ տարեկանում ինձ տարան, և ես ընդունվեցի ջութակի դասարան։ Շատ ուրախ եմ, որ ես պայքարեցի ու հասա իմ նպատակին»։