Հայաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը․ Սամվել Կարապետյան
Հայաստանի համար կարևոր է չտրվել քաղաքական մանիպուլյացիայի տարբեր շահագրգիռ երկրների կողմից, քանի որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են երկրի տնտեսական անվտանգությանը: «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ, Armenian Business Forum 2024-ի բացման ժամանակ ասել է Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։
«Բոլորին կոչ եմ անում սթափ գնահատել նման քայլերի հետևանքները։ Ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական համագործակցության մասնակիցների գործընկերության և փոխգործակցության զարգացման համար», – նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ հայ գործարար համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել հարաբերությունները, համախմբել և կամուրջ դառնալ երկրների միջև կապերի զարգացման համար: Գործարարը կարծում է, որ միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամում կարևոր է պահպանել սերտ երկխոսություն քաղաքական, գործարար և մշակութային հանրության բոլոր մակարդակներում, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում:
Կարապետյանը հիշեցրել է, որ Ռուսաստանում է ապրում աշխարհի խոշորագույն հայկական սփյուռքը, որը Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության հիմքն է:
Գործարարը կարծիքով՝ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ հայկական սփյուռքը բոլոր ժամանակներում եղել է երկրների միջև կարևոր կապող օղակ և մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հայերն ակտիվորեն մասնակցում են տնտեսական, սոցիալական նախագծերի իրականացմանը, ներդրումներ են կատարում Հայաստանում և զբաղվում բարեգործական գործունեությամբ՝ դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանը:
Սփյուռքի հնարավորությունները, ազդեցությունը հանրապետության կյանքի վրա վկայում են դրա կարևոր դերի մասին՝ որպես Հայաստանի համար ռեսուրսների, գիտելիքների և փորձի լրացուցիչ աղբյուր:
Նա նաև մատնանշել է սփյուռքի պատասխանատվության աստիճանը` ընդգծոլով, որ վերջին տարիները շատ բարդ էին Հայաստանի համար։
«Մենք բոլորս խորապես անհանգստանում ենք և կանգնած ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի կողքին, կանգնած ենք և կանգնելու ենք անկասկած: Մենք անմասն չմնացինք նաև անցած տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և լիակատար խնամքի տակ վերցրեցինք հազարավոր ընտանիքների, որոնք ստիպված էին լքել իրենց տները։ Աջակցությունը շարունակվում է մինչ օրս», – նշել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող օգնությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար առաջնային կմնա: Գործարարի խոսքով՝ չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանը շարունակում է մնալ, մասնավորապես, ռուսաստանցիների համար, բարենպաստ երկիր բիզնես վարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները