Ինձ կարգալույծ չեն արել. Բագրատ Սրբազան
«Իրենք են վախեցած, այն վախկոտին են պահում։ Մեր երկրում մի վախկոտ կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուն։
Սրբազանը շարունակելով խոսքը՝ ասաց. «Իրենցից վախեցող չկա։ Մեղք են այս տղաները, բութ գործիքի դեր են կատարում։ Ո՞ւմ են պահում, մի վախկոտի, որ իրենց կյանքն էլ է ավիրել։
Կարևոր չէ ինձ տանեն, ում տանեն։ Ի՞նչ է կալանք, բերման ենթարկել։ Ի՞նչ արժեք ունի․ թող ինձ էլ տանեն, կարող են թող տանեն»։
Հարցին՝ Ձեր հոգևոր ծառայության սառեցման հարցով դիմել էիք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, պատասխան կա՞ արդեն, Բագրատ Սրբազանն ասաց. «Երևի որ դիմել եմ, սառեցվել է, էլի։ Հավանաբար։ Պաշտոնական որևէ բան ասելու կարիք չկա»։
Հարցին՝ իսկ այդ դեպքում նվիրապետական աստիճանը պահպանվո՞ւմ է, դիմենք Ձեզ «Սրբազան հայր», Սրբազանն ասաց. «Անշուշտ, պահանվում է։ Կոչումը վերցված չէ։ Ինձ կարգալույծ չեն տարել։ Այս պահին այլևս Տավուշի թեմում չեմ»։
Հարցին՝ շարունակո՞ւմ եք մնալ Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, Սրբազանն ասաց. «Այո, ես կարգալույց չեմ եղել»։
Բագրատ Սրբազանն ասաց, որ սա քաղաքական գործունեություն չէ, ազգային-ազատագրական է։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հանրահավաքի ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը հայտարարել է՝ «մի ամիս եղել ենք հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, հանդիպումներ ենք անցկացրել բոլոր ոլորտների ներկայացուցիչների՝ իրավաբաններ, գործարարներ, սոցիալական տարբեր խմբերի հետ, բոլոր քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։ Բոլորի մոտ կա համախոհություն, որ նա պետք է լինի նաև վարչապետ»։
Դրանից հետո Բագրատ Սրբազանն ասաց. «Վեհափառ Հայրապետին և իմ հոգևոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը, խնդրել եմ այս 30-ամյա իմ հոգևոր ծառայությունը սառեցնել և իմ անձնական պատասխանատվությունը ստանձնել ու կրել ողջ այս ընթացքի համար։
Սա անձնական որոշում է։ Հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու իմ սրբազան Հայրենիքի, իմ պետության զոհասեղանին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան