Ամեն ինչ սրընթաց անկում է ապրում. Պարուսույց Հրաչյա Բադալյան
«Միացել եմ այս շարժմանը, որ հզոր հայրենիք, պետություն ունենանք։ Ինձ թվում է՝ սա մեր վերջին շանս է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիրներից, պարուսույց Հրաչյա Բադալյանը, ում այսօր ոստիկանները անհնազանդության ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել։
Նա ընդգծեց, որ պետք է խաղաղություն, համերաշխություն լինի, ճշմարտությունը պետք է հաղթի։
Մշակութային գործչի կարծիքով, փաստը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորում է Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանը, ավելի մեծ հույս է ներշնչում. «Ինչքան կազմակերպություններ, կուսակցություններ, բանիմաց, գիտակից մարդիկ համախմբել են մի գաղափարի, նպատակի շուրջ, որ վերջ դնենք այս լացին, ամեն մեկս մեր ուժերի, հնարավորությունների, գիտելիքների շնորհիվ կառուցենք մեր երկիրը»։
Հարցին՝ այսօր մշակութային շատ գործիչներն ասում են, որ չեն խառնվում քաղաքականությանը, արդյ՞ոք սա քաղաքականություն է, Հ.Բադալյանը պատասխանեց. «Իրենց գործն է։ Ամեն ինչն էլ քաղաքականություն է։ Բայց մենք քաղաքական գործիչներ չենք, հասարակ քաղաքացիներ ենք, մեր գործով ծառայել ենք, ծառայում ենք մեր պետությանը։ Ամբողջ աշխարհում մենք միշտ բարձր ենք պահել մեր արվեստը, մշակույթը, ու այսօր մեր աչքի առաջ, տեսնում ենք, թե ինչպես սրընթաց անկում է ապրում այդ ամեն ինչը։ Չեմ ուզում իմ թոռը դառնա գաղթական, միշտ պայքարել եմ, որպեսզի ունենանք արժանապատի արժեհամակարագով դաստիարակված սերունդ, որն ունենք, փայլուն սերունդ ունենք։ Վստահ եմ՝ երկրորդ տարբերակ չկա։ Պետք է աշխատել ու արարել, ստեղծագործել հայրենիքում ու շենացնել հայրենիքը»։