Սուրենյանց. Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, բայց դրա ճանապարհը բլիցկրիգը չէ
«Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, որ իմ բովանդակ ուժերով՝ կուսակցություն, մեդիառեսուրս, աջակցում եմ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը: Ավելորդ չեմ համարում նաև արձանագրումը, որ Սրբազանի հետ մտերմություն ունեմ Շարժման մեկնարկից շատ առաջ ու այդ մտերմությունը պահպանվելու է՝ անկախ շարժման արդյունքից»,-նշում է քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է, որ միաժամանակ անկաշկանդ հայտնում է իր անհամաձայնությունը, երբ պատվելի Սրբազանի կամ հարթակի կողմից հնչում է քաղաքական բովանդակություն, որը չի համապատասխանում իմ պատկերացումներին:
«Դեռ նախորդ օրը գրել էի, որ, չնայած մայիսի 26-ի տպավորիչ հանրահավաքին, չի ներկայացվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հստակ գործիքակազմը, ճանապարհային քարտեզը
«Արտահերթ ընտրությունների հարց մենք չենք քննարկում։ Իմաստ չկա խոսել այդ մասին»,- այսօր ասել է Բագրատ Սրբազանը:
Այս մտքի հետ, բնականաբար, համերաշխ չեմ, որովհետև վստահաբար՝ դա է ներքաղաքական այսօրվա ճգնաժամի ամենատեսանելի և հասանելի լուծումը, նաև ճանապարհը, որի միջոցով իշխանությունից կարող ենք հեռացնել Փաշինյանին:
Եթե արտահերթ ընտրությունների գաղափարը օրակարգային չի համարվում, ապա պետք է տեսանելի ներկայացվի իմպիչմենթի կամ հեղափոխությանը հասնելու(փողոցով Փաշինյանին հրաժարականի պարտադրում) հստակ ճանապարհային քարտեզ:
Ցավոք, խորհրդարանական ընդդիմությունը գոնե առայժմ չի ցանկանում մտնել իմպիչմենթի գործընթացի պատասխանատվության տակ, թերևս, գիտակցելով, որ դրա հնարավոր ձախողումը բերելու է իրենց մանդատի արժեզրկման կամ առաջացնելու է ԱԺ մանդատներից հրաժարման հանրային իմպերատիվ:
Սակայն իմպիչմենթը և մանդատներից հնարավոր հրաժարումը չպետք է դիտարկել՝ որպես վերջնական արդյունք ապահովող նպատակ. դրանք ընդամենը գործիքներ են, որոնք, անկախ արդյունքից, քաղաքական առումով «մաշեցնելու» են իշխանությանը, նրան զրկելու են մանևրելու հնարավորությունից, գեներացնելու են փողոցը՝ նրան դարձնելով ավելի մոտիվացված:
Իմպիչմենթի հեռանկարին առանձնապես չեմ հավատում(այնուամենայնիվ, պարտադիր գործընթաց է), բայց ընդդիմության մանդատներից հրաժարումը կարող է էապես գեներացնել շարժումը:
Կարո՞ղ է դա բերել հեղափոխության:
Դժվարանում եմ միանշանակ պնդում անել, որովհետև պետք չէ թերագնահատել մեր հասարակության ֆոբիաները՝ ներքաղաքական անկայունության և հնարավոր պատերազմի ռիսկերի առնչությամբ:
Իսկ իմպիչմենթի գործընթացը կամ ընդդիմադիր մանդատներից հրաժարումը կարո՞ղ են բերել իշխանության ճգնաժամի խորացման:
Պատասխանը գրեթե միանշանակ դրական է:
Այս ճանապարհն իշխանության համար խնդրահարույց է լինելու բոլոր առումներով. ներքաղաքական կյանքում վստահության ճգնաժամը կառաջացնի իշխանության դիսֆունկցիա, իսկ արտաքին դերակատարների մոտ Փաշինյանի իշխանությունը կկրոցնի վստահելիությունը և հուսալիությունը:
Ահա, այս իրավիճակի հանգուցալուծումը դառնալու են արտահերթ ընտրությունները, որոնք գրեթե անխուսափելի հանգեցնելու են իշխանափոխության՝ անկախ ընտրություններին Փաշինյանի մասնակցել- չմասնակցելու հանգամանքից: Եթե անգամ այս իշխանությունը կազմակերպի ընտրությունները, պարտվելու է, որովհետև փոփոխությունների մոտիվացիա ունեցող հասարակության և ակտիվ փողոցի պարագայում՝ վարչական ռեսուրսի կամ ներգործության էֆեկտը որոշիչ չեն: Դրանք որոշիչ չեղան անգամ Երևանի ընտրությունների ժամանակ, երբ իշխանության դաշնակիցը ոչ թե վարչական ռեսուրսն էր, այլ ավագանու «դասալիք» ընդդիմադիրները:
Հենց շարժումը, ընդդիմությունը հստակ հայտարարեն, որ ընտրություններից չեն վախենում՝ դա կդառնա Փաշինյանի քաղաքական վախճանի մեկնարկը:
Այս շարժումը հաղթելու մեծ հնարավորություն ունի, Փաշինյանը քաղաքական ռեաբիլիտացիայի շանս չունի, բայց դա հնարավոր է ոչ թե բլիցկրիգի, այլ մի քանի ամսվա հետևողական ինստիտուցիոնալ պայքարի արդյունքում»։