Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն՝ բողոքի ալիքի ֆոնին
Վրաստանի խորհրդարանը 84 ձայնով հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն։ Գործընթացը տեղի ունեցավ բողոքի ակցիայի ֆոնին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ 5-օրյա ժամկետում ստորագրի Զուրաբիշվիլին։ Հակառակ դեպքում օրինագիծը ստորագրում և հրապարակում է խորհրդարանի նախագահը։
«Գործակալների մասին օրենքը» օտարերկրյա տերության շահերը կրող կազմակերպություններ է հռչակում հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամտի 20 տոկոսից ավելին արտերկրից է։ Նրանք պետք է գրանցվեն հատուկ ռեեստրում և ամեն տարի լրացնեն ֆինանսական հայտարարագիր։ Հակառակ դեպքում առաջին անգամ կտուգանվեն 25 հազար լարի։
Օրենքի հրապարակումից հետո Արդարադատության նախարարությունը և Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը 60 օր կունենան «օտար տերության շահերը կրող կազմակերպությունների» ռեեստր ստեղծելու համար։ Երբ այս փուլն ավարտվի, «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը կդառնա պարտադիր։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանն արձագանքել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով ԱՄՆ-ի պատժամիջոցների որոշմանը
- Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա