Երուսաղեմի հայոց պատրիարքը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի գործողությունները։ Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։
Հրապարակված նամակում ասված է.
«Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին:
Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու եւ մտաւորականներու կողքին մէկ ձեռքով խաչ, միւս ձեռքով զէնք բռնած կը մարտնչէին նաեւ հոգեւորականները: Բախտորոշ այդ օրերուն զինուորական ղեկավարութիւնը կը պահանջէր Ամենայն Հայոց Գէորգ Հինգերորդ Սուրենեանց Կաթողիկոսէն փոխադրուիլ աւելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկեան կ’առաջարկէր ապահովութեան համար ձգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ պատսպարուիլ Սեւան: Անոնք ամէն կերպ կը ջանային ապահովել Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, պաշտպանել թշնամիի հնարաւոր յարձակումէն:
Այսօր, 106 տարի անց, Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութիւնը ոչ միայն չապահովէր Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, այլեւ տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսեւորմամբ, քանի մը անգամ պատնէշ կազմելով, քաշկռտելով ՝ փորձ կ’ընէ կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի եւ անոր ուղեկցող հոգեւորականութեան ընթացքը դէպի Սարդապարատի յուշահամալիր:
Յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստագոյնս կը դատապարտենք ՀՀ Ոստիկանութեան ամօթալի եւ անպատուաբեր վարմունքը հանդէպ Ամենայն Հայոց Հայրապետի: Լիայոյս ենք, որ ՀՀ Ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը հանդէպ Հայ Առաքելական Եկղեցւոյ եւ Ամենայն Հայոց Հայրապետի՝ բացառելով նմանօրինակ միջադէպերու կրկնութիւնը:
Մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով «երկար օրեր Հայոց Հօր»:
Հայոց Եկեղեցին մշտապէս եղած է ու պիտի մնայ Հայի գոյութեան, Հայ մշակոյթի պահպանման, Հայոց պետականութեան շէնացման առհաւատչեան, ուստի «Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառն հարուած…» կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմերը:
Աղօթարար՝
Նուրհան Արք. Մանուկեան
Հայ Պատրիարք Երուսաղէմի»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից. Ռուբեն վարդապետ Զարգարյան
- Շներ և շակալներ, ուրիշ բա չկա ասելու. Օգտատերերը՝ Սարդարապատի հուշահամալիր Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու մասին
- Ոստիկանները խոչընդոտում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
- Արսեն Բաբայան. Շատ ափսոսում եմ դատավոր Ոսկանյանի որոշման համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան