Ես, որպես կին, Ձեզ հորդորում եմ սեքսիստական հայտարարություններ չանել. Ծովինար Վարդանյանը՝ Ագնեսա Խամոյանին
«Ես, որպես կին, Ձեզ այստեղ հորդորում եմ սեքսիստական հայտարարություններ չանել, թե՝ «երկու կին»։ «Երկու կին» չէ, դուք պատգամավոր եք և ձեր դիմաց ՆԳ փոխնախարարն է»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՆԳՆ հաշվետվության լսումների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին և հորդորեց «ավելի նրբանկատ լինել»։
Մինչ այդ Խամոյանը հարցով դիմել էր ՆԳՆ հաշվետվությունը ներկայացնող փոխնախարար Արփինե Սարգսյանին։
«Դուք լսե՞լ եք Նիկոլ Փաշինյանի այն առաջ քաշած թեզի մասին, որով պատմական Հայաստանը հակադրում էր իրական Հայաստանի հետ։ Դուք չեք լսել իրական Հայաստանի մասին, որովհետև ձեր զեկույցում որևէ արձանագրում իրական Հյաստանի մասին չկար։
Իսկ իրական Հայաստանում երեկ խուլիգանախումբը 50-60 հոգով, մարդիկ՝ ովքեր իրենց հռչակել են ոստիկաններ և ում հռչակել են ոստիկաններ, ոհմակով հարձակվել են իմ գործընկեր Աշոտ Սիմոնյանի վրա։ Ես ցավում եմ, որ դուք եք այստեղ նստած և պետք է այդ հարցերին պատասխանեք։
Ես ցավում եմ, որ երկու կին պետք է հիմա քննարկեն տղամարդկային կոդեքս, երբ անգամ փողոցում ընդունված չէ, որ 50-60 տղամարդ, անգամ հանցագործները հարձակվեն մեկ մարդու վրա, բայց ոստիկանները, որոնք իրենց հռչակել են օրենքի պաշտպաններ, հարձակվում են մեկի վրա, հայհոյում են, հարվածում են, իրենց ամենավերջին խուժանի նման են պահում։ Ցավում եմ, որ այդ ամեն ինչի պատասխանը դուք պետք է այստեղ տաք»։
Խամոյանը հայտնեց, թե ակնկալում էր, որ Արփինե Սարգսյանը պետք է առնվազը ներողություն խնդրեր ոստիկանների այդ արարքի համար. «Ինչ է տեղի ուենցել երեկ։ Կարմիր բերետավորների վաշտի հրամանատար Գևորգ Մկրտչյանի լիազորություններն ընդամենը դադարեցվել են; Ինչո՞ւ առնվազը չեն դադարեցվել մյուս վաշտի հրամանատար Արթուր Ղազարյանի լիազորությունները։ Ինչո՞ւ կարմիր բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանի լիազորությունները չեն դադարեցվել, քանի որ ամբողջ հանրապետությունը տեսախցիկների առջև տեսել է, թե ինչ է տեղի ունեցել»։
Նա հիշեցրեց, որ նույն օրը ոստիկանությունը խոչընդոտում էր Վեհափառի մուտքը Սարդարապատ և նույն օրը ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ստանում է գեներալի կոչում։
Իսկ մենք հիշեցնենք քպ-ական Ծովինար Վարդանյանի ով լինելը. Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, իբր արձանգանքի ժամանակ ծաղրելով նրան, ասաց. «Իսկ ինչ վերաբերում է տիկին Ստամբուլյան․․․ Ստամբուլ․․․ լավ, է, ոչ մի բան»։
Երևի որպես «կին»։