Կարծես թե այդ հրամանը վարչապետի աշխատակազմի աշխատակցից էր գալիս. Մենուա Սողոմոնյան
«Առաջին հերթին տեղի ունեցավ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի խախտում՝ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում՝ անկախ նրանից, թե ովքեր էին այդ մարդիկ։ Երևույթը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե ոստիկանները հասարակական կարգ էին պահպանում, ապա հարց է առաջանում՝ Վեհափառը և իր հետ հուշահամալիր ժամանած հոգևորականներն ի՞նչ էին անում, գնում էին այնտեղ կարգ խախտելո՞ւ։ Մարդիկ գնում էին այնտեղ ծաղկեպսակ դնելու»,-Panorama.am-ին հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը՝ մեկնաբանելով մայիսի 28-ին ոստիկանության կողմից Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր գարեգին Երկրորդի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքի խոչընդոտումը։
Սողոմոնյանի խոսքով՝ այդ ոտնահարումը տեղի ունեցավ հայոց 1700 ամյա եկեղեցու առաջնորդի՝ Վեհափառ տեր Գարեգին Երկրորդի և էջմիածնի միաբանների նկատմամբ։
«Բարոյականության տեսանկյունից սա սրբապղծություն է։ Մեր՝ հայերի, տղամարդկանց, կանանց մեջ բարոյականության չափանիշներ, տաբուներ կան դրված, որոնք խախտման ենթակա չեն։
Ես ուզում եմ հասկանալ՝ այն մարդկանց համար, որոնք կատարեցին այդ հրամանը, որն է այն կետը, որից հետո նրանք հրամանը չեն կատարելու։ Մենք մտածում էինք, որ Եռաբլուրում զոհվածի ծնողին ոտքերից և ձեռքերից բռնած տանելը վերջը պետք է լիներ։ Բայց պարզվեց, որ դա էլ վերջը չէ, և կարող են արգելափակել Հայ Առաքելական եկեղեցու, մեր հոգևոր առաջնորդի՝ Գարեգին Վեհափառի մուտքը։
Սա իսկապես չի տեղավորվում բարոյականության ոչ մի չափանիշի մեջ, և այն խորհելու տեղ պետք է տա ոստիկանության համակարգում առանցքային դեր ունեցող պաշտոնյաների համար...
Ով էր հրաման տալիս ոստիկանությանը կատարել նման գործողություններ։ Մեր տպավորությամբ, ինչքանով հասկացանք, այդ հրամանը վերադասության կարգով չէր գալիս, այլ կարծես թե վարչապետի աշխատակազմի աշխատակցից էր գալիս»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ըստ օրենքի, որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար
- Նիկոլ Փաշինյան. Վեհափառ Հայրապետը չի ունեցել հրավեր
- Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան