Վստահաբար ասում եմ՝ ընտրությունները, ինչ կանոնով էլ անցկացվեն, ընդդիմությունը հաղթելու է․ Սուրենյանց
Շարժման քաղաքական օրակարգը պետք է սկսվի իմպիչմենտով, եզրափակվի՝ մանդատները վայր դնելով։ Այս մասին «Սրբազան պայքար. Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկմանն ասաց Քաղաքագետ, «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Եթե ֆորմալ առումով ընդդիմությունը ներկայացված է Խորհրդարանում, բայց իր ֆունկցիան չի կարողանում կատարել, ապա դա միայն լեգիտիմացնում է այն արտաքին պարտադրանքը, որը Փաշինյանը կերցնում է հասարակությանը՝ որպես «խաղաղության» օրակարգ»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով՝ չպետք է ակնկալել կայծակնային արագությամբ արդյունք։
«Կայծակնային քայլերով մենք չենք կարող հասնել մեր նպատակին։ Մեղավորներ մի՛ փնտրեք, հարթակում ով էլ լինել, միևնույն է՝ չէր ստացվելու։ Պարտված պետությունների հասարակությունները ձեռք են բերում բարդույթ ՝ անկայունությունների, նոր պատերազմների և շատ դժվար են մոբիլիզացվում։ Այս շարժումը հաջողելու է ,եթե կարողանանք հասնել շարժման ինստիտուցիոնալիզացիային, երբ շարժումն ունենա կառուցվածք, քաղաքական հարթակ, ունենա քաղաքական օրակարգ և 2-3 ամսվա համբերություն։ Հավատացնում եմ՝ այս պարագայում ամռան վերջին, աշնան սկզբին իշխանությունը զրկվելու է մանևրից։ Մենք պետք է Նիկոլ Փաշինյանին զրկենք մանևրից, որ ինքը խնդրի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել, այլ լուծում չունենա։ Եթե 2-3 ամսում կարողանանք անցնցում այս իշխանությանը հեռացնել, կլինի մեծագույն հաջողություն»,- նշեց Սուրենյանցը։
Քաղաքագետը նաև կոչ արեց ընտրություններից չվախենալ։
«Այս երկրում ընտրություններից վախենում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Վստահաբար ասում եմ՝ ընտրությունները, ինչ կանոնով էլ անցկացվեն, ընդդիմությունը հաղթելու է»։
Նա հիշեցրեց Երևանի ավագանու ընտրությունները, երբ ընդդիմությունը բարոյալքված ու աղճատված էր,չկար ընդդիմության լիդեր, բայց իշխանությունը կրեց ջախջախիչ պարտություն։
«Եթե ընդդիմության ճամբարում դասալքություն չլիներ, այսօր Երևանում ՔՊ-ն իշխանություն չէր լինի, հենց ընտրությունների արդյունքներով։ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է 2012-13թ․-ին Սաակաշվիլու կարգավիճակում, երբ եկավ բոլորին համախմբեց քաղաքական համակարգից դուրս մի մարդ ՝ Իվանիշվիլին և շատ հանգիստ հաղթեց Սաակաշվիլուն։ Եթե մենք գրագետ վարվենք՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին չի էլ մասնակցելու»,- ավեացրեց մասնագետը։