Տաշիրի բնակիչ. Տան առաջին հարկում ջրի բարձրությունը 1.6 մ էր
Լոռու մարզի Տաշիր քաղաքի կենտրոնական մասում է ապրում Կարինեի ընտանիքը։ Օրեր շարունակ տան առաջին հարկից փորձում են հեռացնել տիղմը։ Դեռ վերջը չի երևում։
«Բոլորի տների առաջին հարկը լցվել է տիղմով։ Ամբողջ գույքը շարքից դուրս է եկել։ Վերականգնել հնարավոր չէ, տրաքել են բազմոցները, փչացել է ամբողջ տեխնիկան»,-Panorama.am-ի հետ զրույցում կատարվածը նկարագրում է Կարինեն։
Տան առաջին հարկում գտնում էին հյուրասենյակը, սանհանգույցը, խոհանոցը, երկորդ հարկում ննջասենյակներն են։ Կարինեն հիշում է՝ մայիսի 25-ի երեկոյան ժամը 8-ին մոտ գետի ջրերը սկսեցին տներ լցվել, քանի որ լույս չկար, շատերն արդեն պառկել էին քնելու։ Տեսնելով ջրի առատ հոսքը՝ երեխաներին արագ հեռացրել են տանից։
«Մեծերով մնացինք, աչքներիս դեմ տունը գնում էր ձեռքից։ Առաջին հարկում ջրի բարձրությունը հասնում էր մոտ 1մ 60 սմ-ի։ Դեռ մեկ ամսից ավելի կպահանջվի, որ մաքրենք տան առաջին հարկը, չորանա»,-ասում է Տաշիրի բնակիչը։
Նախնական հաշվարկներով, վնասը մի քանի մլն դրամի է հասնում, խոնավ են պատերը, չկա նաև հատակը։ Ընտանի թռչուներից մի քանիսն են փրկվել։
«Հարևաններ ունենք, որոնց խոշոր եղջերավոր անասուններին է ջուրը տարել, խեղդվել են»,-ասում է նա։
Նրա խոսքով, ՏԻՄ ներկայացուցիչները եկել են, գույքագրում են իրականացրել։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես՝ 401 Լոռու մարզում և 42 Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարան բնակավայրում։
Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տավուշի մարզում Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։
Մայիսի 27-ին Կառավարության 772-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հայտարարվել է աղետի գոտի և սահմանվել տարածքները։
Մայիսի 29-ին, ժամը 09:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։
Աշխատանքներին ներգրավված են 115 փրկարարական ծառայող (Լոռու ՄՓՎ՝ 34, Գեղարքունիք՝ 4, Շիրակ՝ 22, Արագածոտն՝ 16, Կոտայք՝ 16, Երևանի ՓՎ՝ 15, ՀՆՓԱԻԿ՝ 8 ), 16 մարտական հաշվարկ:
Մայիսի 25-ին, ժամը 23։00-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները