ՔԿ. Կալանավորվածը չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է 2024թ. մայիսի 27-ին Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից իրականացված անհնազանդության ակցիայի ժամանակ ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելու և այդ կերպ վերջիններիս ծառայողական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի մայիսի 27-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մի շարք քաղաքացիներ իրականացրել են անհնազանդության ակցիաներ, որի ընթացքում արգելափակել են ճանապարհի երթևեկելի հատվածը: Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներն ակցիայի մասնակիցներին՝ ճանապարհի երթևեկելի հատվածը բացելու օրինական պահանջ են ներկայացրել, ինչը, սակայն, վերջիններիս կողմից չի կատարվել:
Այդ ժամանակ տվյալ տարածքում է գտնվել նաև Երևան քաղաքի 54-ամյա բնակիչը, ով, քննության տվյալներով, չի հանդիսացել անհնազանդության գործողություններ կատարող:
Երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը մոտեցել է անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին և ցանկացել իր օրինական ծառայողական գործունեության շրջանակներում իրականացնել վարչական ձերբակալում, 54-ամյա տղամարդը, ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, հանել է իր մոտ պահվող արցունքաբեր գազաբալոնը և այն փչել ոստիկանության ծառայողի դեմքին՝ վերջինիս առողջությանը պատճառելով վնաս՝ այդ կերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, որտեղ, կատարված անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել էր «Շոկ» գրառմամբ արցունքաբեր գազաբալոնը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: