«Ժողովուրդ». Ինչ տեսք ունի իշխանության ժողովրդավարությունը. Ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2023 թվականի վերջին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել։ Հենց այս նպատակով է համայնքի ղեկավարը, որ մոռացել է համայնքի ղեկավարի իր պարտականությունների մասին, գործընկերների օգնությամբ ձեռք բերել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ կատարել: Այս ամենը չի վրիպել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեսադաշտից։
Հրապարակման մեջ առկա շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շինարարական թույլտվություններ է տվել իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի մորը պատկանող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը։ Միաժամանակ, հրապարակման մեջ հիշատակվում է, որ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը նշված շինարարական թույլտվությունները տրամադրվել են շինարարությունը սկսելուց հետո միայն, իսկ համայնքի ղեկավարի համապատասխան որոշումները չեն հրապարակվել համայնքապետարանի կայքէջում։
Ըստ Հանձնաժողովի՝ հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև Դիանա Գասպարյանի ամուսնու հորը՝ Աշոտ Միրզոյանի կողմից իր աշխատակցին՝ Շ. Շահինյանին փոխառության տրամադրման և նշված փոխառությամբ գնված համայնքային սեփականությամբ հողատարածքը Աշոտ Միրզոյանի կնոջ բաժնեմասնակցությամբ՝ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերությանը վաճառելու դեպքին։
Հանձնաժողովը սույն գործը քննել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված շահերի բախման կարգավորումների համատեքստում, որի շրջանակում ուսումնասիրվել են Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա, ինչպես նաև Հանձնաժողովին հասանելի պետական տեղեկատվական այլ շտեմարանների տվյալները։ Այժմ հիշյալ ուսումնասիրությունը ընթացքի մեջ է։
Հավելենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ենթադրյալ հանցագործության հատկանիշները քննելու նպատակով Հանձնաժողովը 2024 թվականի մարտի 5-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։
Ներկայիս իշխանության ժողովրդավարությունը հենց այս տեսքն ունի, ամենուր «պոզով-պոչով» կոռուպցիոներներ են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։