Ջրհեղեղի հետևանքով համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել
Մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով երկաթուղու վնասված հատվածը 2 կմ է՝ Այրում կայարանից մինչև Սանահին կայարան:Կառավարության նիստում զեկուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշել է, որ բացի 2 կմ հատվածից, վնասված են սյուներ, ենթակայաններ, հարակից այլ ենթակառուցվածքներ: Միջպետական ճանապարհներից վնասվել են Մ4 և Մ6 միջպետական ճանապարհները: Մ4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես 5-ը բավականին խոշոր են, հիմնականում Դիլիջանից Իջևան հատվածում է: Մ6 հատվածն ունի 43 վնասված հատված, 43-ից 5-ում ճանապարհն ամբողջովին վնասված է, 5 հատվածից 4-ը վերականգնվել է, 5-րդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Համայնքային և տեղական մոտ 20 կամուրջ է վնասվել: Հատկապես՝ Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունի և մատակարարումներն իրականացվում են լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով: Երկու հատվածում կառուցվում են հետիոտնային կամուրջներ՝ Ախթալայի և Սանահինի հատվածում:
Ջրային ենթակառուցվածքներում վնասվել են ջրագծեր, պոմպայականներ և այլ ենթակառուցվածքներ, որոնց մի մասը դեռ ջրածածկ է և ընդհանուր վնասների չափը գնահատել հնարավոր չէ: Դիլիջան քաղաքում մասնակի վերականգնվել է ջրամատակարարումը, մի շարք հատվածներում մասնակի է վերականգնվել: Ջրի հետ կապված խնդիր հիմնականում Ախթալա բնակավայրում է առկա, որտեղ ջրամատակարարումն իրականացվում է ջրատար մեքենայով: Էներգետիկ համակարգի վնասման հետևանքով շուրջ 17000 բաժանորդ հոսանքազրկվել է, աշխատանքներ են իրականացվում, արդյունքում՝ միայն 600-ն է շարունակում հոսանքազրկված մնալ: Գազամատակարարման մասով 19000 բաժանորդի գազամատակարարում կանգնեցվել էր, իրականացված աշխատանքների արդյունքում 18 600-ի գազամատակարարումը վերականգնվել է: Լոռու մարզի Տաշիր, Փամբակ համայնքներում իրենց տարբեր բնակավայրերով մի շարք ավերածություններ կան:
ՏԿԵ նախարարը նշեց, որ կարիքների գնահատումն ու մատակարարումները կրում են շարունակական բնույթ, բարելավվում են ենթակառուցվածքները. «Աղետի մասշտաբները հսկայական են և բոլոր գերատեսչությունների ներգրավվածության կարիք կա: Մյուս կողմից՝ պետք է ծրագրեր մշակել, դրանք կլինեն աջակցող, խրախուսող, արտոնություններ, վարկային պատմություններ: Բավականին շատ բիզնես գործունեություն իրականացնող մարդիկ են տուժել, պետք է հասկանալ փոխհատուցման ծախսերն ինչպես իրականացնել և ինչ մեթոդներով: Նաև տարբեր քաղաքաշինական, բնապահպանական և այլ հարցեր կան, որոնք այս աղետի հետևանքով մեզ բոլորիս համար քննարկման, որոշումների և նաև կարծում եմ՝ իրավական փոփոխությունների անհրաժեշտություն կառաջացնի»:
Նիստը վարող Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե արդյոք տարհանված և տուժած բնակչությունն ամբողջությամբ ապահովված է սննդով և խմելու ջրով, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ այո, տարհանված 443 բնակիչներից միայն 44-ն են հյուրանոցներում բնակվում, մյուսները նախընտրել են բնակվել ծանոթների և բարեկամների մոտ, սակայն նրանց նույնպես իրականացվում են մատակարարումներ պարբերական բնույթով:
Հարակից հրապարակումներ`
- Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ․ ՀՅԴ Բյուրո
- Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են կամուրջների տեխնիկական վիճակի հետազննություն
- ՁորաՀԷԿ-ը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա. Պարզաբանում
- Աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում
- Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարվել են աղետի գոտիներ, սահմանվել դրանց տարածքները