Այս շենքից գողացել են մեր նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը դուրս եկավ «Անի Գրանտ» հյուրանոցից՝ քայլերթով շարժվելու դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որտեղ սպասվում է օրվա ամփոփումը։
Հյուրանոցի բակում լրագրողներին սրբազանը հայտնեց․ «Գողացել են էս շենքից, մեր շատ նվիրյալ տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին։ Հուսով եմ՝ այսօր գիշերը կամ վաղն առավոտյան նա ազատության մեջ կլինի։ Չգիտեմ ովքեր են գողացել, այստեղ զվռնող օպերներ կան, քաղաքացիական համազգեստով են։ Մարդու որդիրներ, մինչև հիմա հանգիստ էի, հիմա կտեսնեք»։
Թե ինչ հիմքով են տարել, սրբազանն ասաց, որ տեղյակ չէ։
«Չգիտեմ ինչու են տարել, գողացել են։ Նպատակը քրմին՝ զոհ մատուցելն է»։
Դիմելով հյուրանոցի մոտ օպերատիվ ծառայություն իրականացնողներին, սրբազանն ասաց․ «Ամբողջ օրը գիշեր և ցերեկ, այս պատերի տակ, իրենց թվում է՝ մենք չենք տեսնում, բայց բանի տեղ չենք դրել, հիմա դնելու եմ։ Այս պատերի տակ զվռնում են օպերատիվ ծառայողները, արյունով հաց ուտողներն ու հաց գողացողները։ Որ ժամին ուզում եք, ես մինչև առավոտ 4-5 արթուն եմ, ձեր տերերի հետ միասին, որտեղ տեսա , հանդիպեցի, մեղմ չեմ խոսելու ձեր հետ։ Ինչպես ձեր ղեկավարները չկան, այնպես էլ դուք չկաք։ Դուք հրաման կատարող եք, ստրուկ ու գերի եք։ Շարունակեք նույն ձևով , կստանաք ավելի ծանր։ Ով սխալ բան արեց հանրային պախարակման է ենթարկվելու։Հիմա ես ձեզ բաց ասում եմ, օպերներ եք, ինչ եք, որ վայրկյանին տեսա կա՛մ փախնելու եք, կա՛մ՝ ստանալու»։