ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, ելնելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալներից, վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին։
«ԼՈՒՅՍ» հիմնադրամի ներկայացրած վերլուծության համաձայն.
«Այսպես՝
• ՀՀ տնտեսական ակտիվության աճն ապրիլին դանդաղել է: 2024թ. ապրիլին ՏԱՑ-ը կազմել է 10.4%` նախորդ ամսվա համեմատ դանդաղելով 4.9 տոկոսային կետով, իսկ հունվար-ապրիլ ամիսների ՏԱՑ-ը նույնպես որոշակիորեն դանդաղել է՝ կազմելով 13.2%: Տնտեսական ակտիվության աճը շարունակում է պայմանավորված լինել ժամանակավոր գործոններով, որոնք կարող են կտրուկ փոխվել՝ էապես փոխելով մակրոտնտեսական ցուցանիշների պատկերը:
• Էականորեն դանդաղել է նաև ծառայությունների աճը՝ ապրիլին հասնելով 0.8%-ի: Ծառայությունների աճի դանդաղման պատճառները հնարավոր կլինի վերլուծել ենթաոլորտների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո, սակայն այս երևույթն արդեն իսկ հուշում է տնտեսական ակտիվության նվազման մասին, ինչն ակնհայտ կլիներ ոսկերչական գործունեության բացակայության դեպքում:
• Հարկային եկամուտների աճի տեմպը շարունակում է ցածր մնալ: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին հարկային եկամուտների աճը կազմել է 9.3%, իսկ հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը հաշվի առնելու դեպքում՝ 6.1%: Վերջինս բավական ցածր է ՏԱՑ-ից, որի պատճառն այն է, որ հիմնական տնտեսական աճը պայմանավորող գործունեությունը չի հարկվում անհրաժեշտ չափով, սակայն այդ ուղղությամբ կառավարության կողմից քայլեր չեն ձեռնարկվում:
• Տնային տնտեսությունների վարկերի ծավալը աճում է բավական բարձր տեմպով: 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ առևտրային բանկերի կողմից տնային տնտեսություններին տրամադրված վարկերի (սպառողական և հիպոթեքային վարկերի) ծավալն աճել է 19.7%-ով, ինչն էականորեն գերազանցում է մյուս մակրոտնտեսական ցուցանիշների աճին, մասնավորապես՝ տնտեսական ակտիվության աճին, միջին ամսական աշխատավարձերի, արտերկրից փոխանցվող դրամական միջոցների և այլ կարևոր ցուցանիշների աճերին: Դա նշանակում է, որ վարկային բեռն աճում է դրա սպասարկման հնարավորությունների աճից ավելի արագ տեմպով, ինչը միջնաժամկետում կարող է հանգեցնել ռիսկայնության բարձրացմանը:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- Փետրվարի տնտեսական ակտիվության աճը կտրուկ արագացել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Հայաստանի իշխանությունները բանակցային գործընթացը գիտակցաբար տանում են մի հարթակ, որտեղ Բաքվի և Անկարայի ազդեցության գործիքակազմն անհամեմատ ավելի հարուստ է. «ԼՈՒՅՍ»
- Երևանի 2023թ. բյուջեի ծախսերի վերլուծությունը փաստում է առաջնահերթ ծրագրերի գծով լուրջ թերակատարումների մասին. «Լույս»
- Հայաստանի 2024թ. տնտեսական ազատության ինդեքսը 2001թ.-ից ի վեր նվազագույնն է. «Լույս»
- Տնտեսական աճ ապահովող գործընթացները հարկային եկամուտներ նույն տեմպով չեն գեներացնում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
- Չինական «Գոտի և ճանապարհ» նախագիծն ու Հայաստանը․ կորսված հնարավորությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական ընտրություն. «Լույս»
- «Լույս». Տնտեսության կառուցվածքը վատթարացել է