ՔԿ. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում ավելի քան 18մլն դրամի հափշտակություն է կատարվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական վարույթի քննությամբ ի հայտ են եկել «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում տեղ գտած մի շարք չարաշահումներ:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ նախաքննության ընթացքում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով հիմնավորվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն հանդիսացած Հ.Պ․-ն իր պաշտոնավարման ընթացքում, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված խոշոր և առանձնապես խոշոր չափի գույքերի հափշտակություն։
Մասնավորապես՝ պարզվել է, որ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ի կողմից, 2017թ․ մայիսից մինչև 2019թ․ օգոստոս ընկած ժամանակահատվածում, բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետի դուստր Գ.Զ-ն նույն բժշկական կենտրոնում համատեղության կարգով ճառագայթային ֆունկցիոնալ գործիքային ախտորոշման բաժանմունքում հրամանագրվել է աշխատանքի՝ որպես գերձայնային հետազոտության բժիշկ֊կոնսուլտանտ այն դեպքում, երբ բժշկական կենտրոնում նման հաստիք նախատեսված չի եղել։ Նշված ժամանակահատվածում, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, Գ.Զ․-ի անվամբ լրացուցիչ հաշվարկվել և բժշկական կենտրոնի բյուջեից վճարվել է 4.486.560 ՀՀ դրամ աշխատավարձ:
Բացի այդ, պարզվել է, որ 2014թ․ սեպտեմբերից մինչև 2019թ․ ընկած ժամանակահատվածում, նշված բժշկական կենտրոնում որպես ավագ վարորդ հրամանագրված Գ.Ա․-ին ավտոմեքենա և վառելանյութ չի հատկացվել, նրա անվամբ երթուղային թերթեր չեն լրացվել, իսկ Գ.Ա.-ն բժշկական կենտրոնի հավատարմագրային կառավարումը իրականացնող «Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի կողմից վերջինին տրամադրված «Տոյոտա Ռավ 4» մակնիշի ավտոմեքենան շահագործել է Գ.Զ․-ի անձնական կարիքների համար, մինչդեռ բժշկական կենտրոնի բյուջեից Գ.Ա․-ին է վճարվել 10.004.931 ՀՀ դրամ աշխատավարձ։
Բացի այդ, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տնօրեն Հ. Պ․-ն 2013-2020թթ․ ընթացքում բժշկական կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի օժանդակությամբ կազմել է տրանսպորտային միջոցների վառելանյութի ծախսի վերաբերյալ կեղծ բովանդակությամբ ուղեգրեր, որոնց հիման վրա բժշկական կենտրոնի բյուջեից դուրս է գրվել և հափշտակվել 4.147.200 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 10.472 լիտր բենզին։
Բժշկական կենտրոնի հանգուցյալ տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
«Մ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Զ․-ի և կենտրոնի անվտանգության տեխնիկայի ինժեներ Հ.Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ որպես վարորդ հրամանագրված Գ.Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան