Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ
Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք է տարվել եկեղեցականների հանդիսավոր թափորով:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքը Նորին Սրբությունը փոխանցել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։
Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորել են բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ:
Տոնի կապակցությամբ վանքում մատուցվել է Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։
Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնել է հավատացյալ ժողովրդին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները