«Հրապարակ». ՔՊ-ում սառը վերաբերմունք ունեն Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, իսկ Անահիտ Մանասյանին հանդիսավորությամբ են ուղեկցում դահլիճ
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ում չեն թաքցնում սառը վերաբերմունքը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նկատմամբ, ում պաշտոնավարումը, ըստ լուրերի, մազից է կախված, և, ըստ այդ լուրերի, Նիկոլ Փաշինյանը մի հարմար պահի մտադիր է հեռացնել նրան:
Երեկ խորհրդարանում բյուջեի անցած տարվա կատարողականը ներկայացնելու եկած նախարար Անահիտ Ավանեսյանի հաշվետվությունը լսելու էին եկել մեկ ձեռքի վրա հաշված ՔՊ-ականներ: Փոխարենը իրենց սրտի ՄԻՊ Անահիտ Մանասյանին հատուկ հանդիսավորությամբ մեկ տասնյակից ավելի ՔՊ-ականներ ուղեկցեցին դահլիճ, և քննարկումն էլ անցավ լեփ-լեցուն դահլիճում։ Թեև չի բացառվում, որ այդ ներկայացումը հատուկ վերևներից էր կազմակերպվել` «սրբազան շարժման» քննադատության և ոստիկանների իրավունքների պաշտպանության նպատակով:
Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս տարի էլ կրկնօրինակեց Տարոն Մարգարյանին, ով քաղաքապետ եղած ժամանակ երբեք չէր ներկայանում բյուջետային քննարկումներին: Անցյալում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ հանդիսավոր ելույթ էր ունենում այն մասին, որ դա անհարգալից վերաբերմունք է թիվ մեկ քաղաքական մարմնի նկատմամբ, և Մարգարյանին հորդորում էր՝ հավատարիմ մնալ կանոնակարգին և ներկայանալ խորհրդարան։ Տիգրան Ավինյանն իր փոխարեն տեղակալ Լևոն Հովհաննիսյանին էր խորհրդարան ուղարկել։
Հիշեցնենք, որ երեկ էլ ՆԳ նախարարն էր իր տեղակալ Արփինե Սարգսյանին ուղարկել խորհրդարան: Ի դեպ, նախարարի տեղակալ տիկինը բոլոր հնարավոր վայրերում ծաղրում է իր ղեկավարին, թե երկու բառ չի կարողանում ասել, որտեղ խոսելու տեղ կա, ինձ է ուղարկում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։