Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ
Գլխավոր դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանից բռնագանձել 23 անշարժ գույք, 9 տրանսպորտային միջոց, դրամական միջոցներ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վարդան Հարությունյանից (2014–2016 թվականներին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության անդամ, 2016–2018 թվականներին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ) և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`
. 23 անշարժ գույք.
. 9 տրանսպորտային միջոց.
. 473 հազար ԱՄՆ դոլար ավանդ.
. 6 մլն 239 հազար ԱՄՆ դոլարի և 219 մլն 880 հազար դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք.
. Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում ձեռքբերված գույքի ձեռքբերման արժեքի (ապօրինի մասի) չափով գումար, որը կազմում է 242 մլն 128 հազար դրամ.
. 1 մլրդ 61 մլն 438 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
. 4 մլրդ 975 մլն 318 հազար դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և ուսումնասիրվող ժամանակահատվածի ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողների կամ այն անհնար է նույնականացնել»,- հայտնում են դատախազությունից։