Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը
SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 24-29-ը։ Այն տեղի կունենա Երևանում և Աշտարակում։ 4-րդ SUMMEET-ին իրենց նախագծերն են ներկայացնում պարային ընկերություններ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Եվ, իհարկե, փառատոնի մարգարիտն է Armenian Showcase-ը՝ հայկական ցուցադրությունը, որն ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։
SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունը՝ տարեցտարի մի այնպիսի հարթակի վերածվելն է, որ մի կողմից համաշխարհային ասպարեզ դուրս կբերի հայաստանյան ժամանակակից պարը, իսկ մյուս կողմից հայ արտիստներին և պարուսույցներին կծանոթացնի համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակներին և պարային ընկերություններին։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր տարի SUMMEET-ը Հայաստան է բերում բացառիկ նախագծեր։
Փառատոնի մեկնարկը կտրվի հունիսի 24-ին Աշտարակում՝ Դրամատիկական թատրոնի բեմում, ղազախական Samruk թատրոնի ամենաժամանակակից և արդիական ներկայացմամբ։ Այն կոչվում է Mutual Misunderstanding։ Պարուսույցներ ու կատարողներ՝ Տոմիրիս Մետիբաևա և Արտուր Գալիմուլլին։
Հունիսի 25-ի առավոտյան Երևանի պարարվեստի պետական քոլեջում կմեկնարկեն փառատոնային վարպետության դասերը՝ հայ պարողների համար։ Դրանք կշարունակվեն ամեն օր մինչև հունիսի 27-ը ներառյալ։ Հատկապես յուրահատուկ է հունիսի 27-ին կայանալիք Մարթա Գրեհեմի տեխնիկայի վարպետության դասը, որը բացառիկ է իր տեսակով։
Հունիսի 25-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կցուցադրվի Balmanukyan Dance Project-ի «Կոմիտասի երգերը․ Revival» նախագիծը (Հայաստան/Ռուսաստան)։ Բեմադրությունը՝ Նատալյա Կասպարովայի (Ռուսաստան)։ Այս նախագիծն իրականացվում է Կասպարովայի՝ տարիներ առաջ արված լեգենդար բեմադրությամբ, որն առաջադրվել էր «Ոսկե դիմակ» մրցանակի։
Հունիսի 26-ին Թատերական ինստիտուտի բեմում կցուցադրեն «Ամեն ինչ կարգին է» պերֆորմանսը (Ռուսաստան)։ Պարուսույց՝ Կսենիա Բուրմիստրովա, կատարող՝ Լյուբով Պերովա։ Նույն օրը կներկայացվի նաև ղազախական Mutual Misunderstanding-ը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի կունանա դասախոսություն հայկական պարարվեստում օձերի սիմվոլիզմի մասին։
Հունիսի 27-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կներեկայացվի PARlez francais նախագծի «VI» ներկայացումը (Ֆրանսիա/Հայաստան)։ Բեմադրությունը՝ Վալերիա Կասպարովայի և Ֆելիսիա Մոնոդի (Ֆրանսիա)։ Ներկայացումը Նախագիծն իրականացվել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության և Ֆրանիսական ինստիտուտի աջակցությամբ։ Նույն օրը կներկայացվի նաև ֆրանսիական նախագծի «Իրերի տարօրինակ կարգը» բեմադրությունը։ Բեմադրիչ՝ Ֆելիցիա Մոնոդ։ Կանցկացվի նաև դասախոսություն ACTS ինստիտուտի և PARlez francais նախագծի մասին։
Փառատոնի մարգարիտն է Armenian Showcase-ը և Armenian Gala-ն։ Այս երկու կարևոր ծրագրերը SUMMEET- ի հիմքն են։ Այս անգամ ծրագրերը հնարավորություն կլինի դիտել հունիսի 28-ին երևանյան տարբեր բեմերում։ Բացի այդ, այդ օրը կկայանա կլոր սեղան-քննարկում՝ նվիրված հայկական բալետի 100-ամյակին։
Հունիսի 29-ին կկայանա փառատոնային կարևոր նախաձեռնություններից մեկը՝ փարիզյան ACTS պարային ակադեմիա ընդունվելու քասթինգը, որին կարող են մասնակցել հայ պարողները։ Կանցկացվի նաև «Մարմինը և շարժումը ընկղմվող իրականության նոր տարածքում» խորագրով դասախոսություն։ Իսկ Կինոյի տանը փառատոնի փակմանը՝ հունիսի 29-ին, հանրությունը կդիտի Cosmogony առցանց ներկայացումը (Շվեյցարիա)։ Բեմադրությունը՝ Ժիլ Ժոբենի։ Այն առանձնահատուկ է նրանով, որ ներկայացվելու է Ժնևում, իսկ մեզ մոտ ժամանակակից տեխնոլոգիաներով ցուցադրվելու է տեսաէկրանին՝ այլ իրականությունում։
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Open Look փառատոնի հիմնադիր Վադիմ Կասպարովը, օպերային երգիչ Հայկ Վարդանյանը և Balmanukyan Dance Project պարային ընկերությունը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։
«Ուրախ ենք, որ տարեցտարի փառատոնը ոչ միայն մեծ ժողովրդականություն է վայելում, այլև մասնագիտական հնարավորություններ է ընձեռում ոլորտում գործունեություն իրականացնող հայ պարողների և բեմադրիչների համար։ Փառատոնը լավագույն կերպով իրականացնում է իր առաքելությունը՝ այն է՝ ոչ միայն ներկայացնել արտերկրի լավագույն փորձը, այլև հայկականը դարձնել էլ ավելի գրավիչ ու մրցունակ»,- նշում են փառատոնի կազմակերպիչները։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները