Համբարձում քահանա Դանիելյան. Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք
Համբարձում Քահանա Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառմանը.
«Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը:
Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին:
Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տաինք, երանի, թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի, թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով:
Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը: Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին:
Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է»։
Նշենք, որ ՔՊ-ականը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«7 հարց «քաղաքական հոգևորականներին»
Քանի օր է` փնտրում եմ որևէ գրականություն, որտեղ նկարագրված կլինի «հոգևոր ծառայության սառեցման» կարգը, սակայն, ապարդյուն։
Օրինակ՝ ԱԺ պատգամավորի դեպքում մանդատից զրկելու կամ այլ կարգերը հստակ նկարագրված են ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքում, և ցանկացածի համար պարզ է՝ որտեղ են սկսվում և ավարտվում պատգամավորի լիազորությունները։
Հիմա ստացվում է՝ քանի դեռ մեզ անհիմն կերպով մեղադրում են այս կամ այն օրենքը կամայական կերպով մեկնաբանելու մեջ, զուգահեռաբար, այդ նույն խմբերը ինչպես ուզում, մեկնաբանում են Աստվածաշունչն ու եկեղեցական կարգերը։
Տպավորություն է, որ մեկնաբանողը և ղեկավարը «Հայր մերը» չգիտի։
Ամեն դեպքում հարցեր կան․
1․ Ինչպե՞ս են սառեցնում հոգևոր ծառայությունը,
2․ Ինչպե՞ս են ապասառեցնում հոգևոր ծառայությունը,
3․ Կարող է արդյո՞ք գլոբալ տաքացումը ազդել սառեցվածության վրա,
4․ Ի՞նչ կարող է իրեն թույլ տալ սառեցված հոգևորականը,
5․ Ինչպե՞ս տարբերակել սառեցված և գործող հոգևորականին,
6․ Ո՞վքեր կարող են սառեցնել իրենց հոգևոր ծառայութունը,
7․Եվ ի վերջո, կարող է արդյո՞ք կաթողիկոսը սառեցնել իր հոգևոր ծառայությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները