Դատախազն ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, խախտել են խափանման միջոցի պայմանը, պետք է կալանավորել. Արսեն Բաբայան
«Դատախազությունը շատ ուշադիր հետևում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հանրային գործունեությանը և հայտնաբերել է, որ նրանք լայվ են ունեցել»,- «Իմնեմնիմի» հաղորդման ժամանակ ասաց Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ Նարեկ Սամսոնյանը դատական նիստի ընթացքում անձամբ էր ճշտել՝ կարո՞ղ է լայվ մտնել, ասել էին այո, քանի որ չեն կարող կարծիք արտահայտելու իրավունքից զրկել։
«Բայց դատախազը երեկ միջնորդություն է ներկայացրել դատարանին, ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, իրենք խախտել են խափանման միջոցի պայմանը, ու իրենց պետք է երեք ամսով կալանավորել։
Միջնորդության մեջ նշվում է՝ ի տարբերություն հաղորդմանը, երկուսով չեն, մենակ են, բայց միկրոֆոն կա։ Ամեն տեղ էլ միկրոֆոն կա։ Ասվում է՝ հայհոյանքներ չեն տալիս, բայց վիրավորանքներ կան։ Մենք էլ հենց դա էինք ասում. խուլիգանության հանցակազմը չկա այստեղ, ծանր վիրավորանքի ապաքրեականացված հոդվածը, անունը դրել եք խուլիգանություն և հիմա մեղադրանք եք առաջադրել այս մարդկանց։ Դատախազությունը ուղիղ հաստատում է այդ մեր ասածը։
Դատախազությանը կարելի է շնորհակալություն հայտնել, որ երկուսուկես ամիսների մեր ասածը վերջապես հաստատեց պաշտոնապես։ Միջնորդության տեքստում ասվում է՝ քաղաքական թեմաներով լայվ են անում, հաղորդում վարում։ Բա մենք էլ դա ենք ասում. քաղաքական թեմաներով հաղորդում են վարում, իշխանությունը չի ուզում այդ թեմաներով հաղորդում վարել, դրա համար էլ տարել ու կալանավորել էր այս մարդկանց»,- ասաց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը համատեղ հայտարարություն էին տարածել՝ մասնավորապես նշելով.
«Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հիշեցնենք՝ այսօր «Փաստ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար»,- գրել է թերթը։
Հարակից հրապարակումներ`
- Մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու պահանջով․ պաշտպաններ
- Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
- Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
- Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան