Բամբակաշատում տուն մտած զինված տղամարդուն վնասազերծել են
Մայիսի 27-ի գիշերը, ժամը 4.05-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում: Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչն ահազանգել էր, թե քիչ առաջ տան վրա հարձակում են գործել, մոտները կարծես զենք կա:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է Բամբակաշատ: Պարզվում է, որ նույն գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կոտրելով պատուհանի ապակին, մտել է տուն, և երբ տանտերը ձայներից արթնացել է, դիմել է փախուստի:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդու ինքնությունը պարզելուց հետո ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի և մարզի պարեկային ծառայության աշխատակիցները մեկնեցին նրա տուն: Տեղեկությունը, որ նա կարող է զինված լինել, կասկած չէր հարուցում, ուստի հարկավոր էր լինել հատկապես ուշադիր և զգոն:
Պարզվեց, որ 46-ամյա տղամարդը թաքնվում է նկուղում: Ոստիկանները համոզում են նրան դուրս գալ, սակայն տղամարդը հրաժարվում է, անընդհատ գոռում է, թե մոտը զենք կա, և եթե ներս մտնեն` իրեն կվնասի: Իրավապահները սկսում են բանակցել նրա հետ: Մոտ հինգ ժամ տևած բնակացությունների ընթացքում տղամարդը մի քանի անգամ կրակում է: Արդեն ժամը ինն անց կեսի սահմաններում, երբ ոստիկանները, պահպանելով անվտանգությունը, մոտենում են, տղամարդը երկփողանի հրացանի նմանվող առարկայով կրկին փորձում է կրակել, սակայն ինքաշեն զենքը չի գործում:
Ոստիկաններին հաջողվում է նրան վնասազերծել, ժամը 9.40-ին ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված երկփողանի հրազենի նմանվող առարկա` յուրաքանչյուր փողում ինքնաձիգի մեկ փամփուշտ, տարատեսակ 12 փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ կրակելու համար նախատեսված ինքնաշեն սարք, գաղտնի փականով ծալովի դանակ, լապտեր ու բջջային հեռախոս։
Տղամարդը հայտնել է, որ ինքնաշեն հրազեն-առարկաներն ինքն է պատրաստել, դանակը և լապտերը գնել է խանութից, իսկ ինքնաձիգի փամփուշտները տարիներ առաջ գտել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Քննիչի որոշմամբ 46-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: