«Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ռուսական աղբյուրներից լուր ստացանք, որ ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը, որը ներկայացրել էին դեռ աշնանը։ Տևական ժամանակ լուրեր կային, որ ագրեմանը մերժվել է: Մեր աղբյուրը հաղորդում է, որ որոշումը կայացվել է մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա` ԵԱՏՄ նիստին մասնակցելու: Նա անձամբ է խնդրել Պուտինին` ընդունել Արսենյանի ագրեմանը: Եվ ՌԴ նախագահը որոշել է ընդառաջել, քանի որ առաջիկայում Ռուսաստանն էլ է դեսպանի փոփոխություն անելու Հայաստանում։ Մտավախություն են ունեցել, որ մերժման դեպքում ՀՀ իշխանություններն էլ իրենց թեկնածուին կմերժեն։ Բայց սա չի նշանակում, թե վաղն արդեն Արսենյանը կմեկնի Մոսկվա: Դեռ պետք է Վաղարշակ Հարությունյանին հետ կանչեն, իսկ, որպես կանոն, գործող դեսպանները խնդրում են իրենց ժամանակ տալ` կիսատ գործերն ավարտելու, անձնական հարցերը կարգավորելու: Օրենքն արգելում է մի դեսպանի վերադարձը չկազմակերպած` նոր դեսպանի մեկնումը դեսպանընկալ երկիր: Այնպես որ, Արսենյանի մեկնումը կարող է 1-2 ամիս տևել:
Ի դեպ, եթե դեսպանի ագրեմանը չհաստատվեր, Գուրգեն Արսենյանը կարող էր վայր դնել մանդատն ու հեռանալ ՔՊ-ից, քանի որ դժգոհություններ ուներ ՔՊ-ի վարած քաղաքականությունից, հատկապես` տնտեսության ոլորտում: Այս քայլով Փաշինյանը նաև դա կանխեց: Երեկ մեզ հետ զրույցում Արսենյանն ասաց, որ ինքը պաշտոնական տեղեկատվություն չունի, դիմենք ԱԳՆ: Իսկ ԱԳՆ խոսնակն ասաց․ «ՀՀ դեսպանների հետկանչը կամ նշանակումն իրականացվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որի ժամանակ ապահովվում է նաև հանրային իրազեկում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան