Մեղադրողը միջնորդություն է ներկայացրել՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին կրկին կալանավորելու պահանջով․ պաշտպաններ
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը և Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը համատեղ հայտարարություն են տարածել.
«Հանրությանն իրազեկում ենք, որ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում»։
«Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հիշեցնենք՝ այսօր «Փաստ» թերթը գրել էր, որ իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: «Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար»,- գրել է թերթը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստում ենք՝ մեր պայքարը ոչ միայն չի մարել, ամեն օր նոր հաջողություններ ենք արձանագրում. Դանիելյան
- Ինչպես դիմավորեցին Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին դատարանի բակում. Ֆոտոռեպորտաժ
- Վազգեն Սաղաթելյան. Հայհոյելը մեզ համար ինքնանպատակ չի եղել, դա եղել է քննադատության մաս
- Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին
- Մեղադրող կողմը միջնորդեց երկու ամսով երկարացնել Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանքը
- Դատարանի դահլիճում Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին դիմավորեցին «ազատություն» բացականչություններով ու ծափահարություններով