Երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում․ ՀԱԿ
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվը ս.թ. մայիսի 28-ին հայտարարել է. «...Հայաստանը իրականացրել է Խոջալուի ցեղասպանությունը, սպանել է անմեղ մարդկանց, մարդկության դեմ հանցագործություն է գործել։․․․ Հայաստանն ինքը պետք է ճանաչի դա, ինքը պիտի ներողություն խնդրի մեզանից»։
Հայաստանի Հանրապետությանը, փաստորեն, վերագրվում է Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու պաշտոնական մեղադրանք եւ դրա հետ կապված նոր պահանջ, ինչը հղի է լրջագույն հետեւանքներով Հայաստանի միջազգային վարկի համար եւ էլ ավելի է բարդացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռնկարը։ Ակնհայտ է նաեւ, որ Ալիեվը օգտվելով Հայաստանի իշխանությունների անհոդաբաշխ եւ անձեռնհաս քաղաքականությունից, մի նոր անարդար եւ նվաստացուցիչ նախապայման է դնում Հայաստանի հետ հաշտության գնալու եւ խաղաղություն կնքելու գործում։
Այս իրավիճակում Հայաստանի իշխանություններն արդեն քանի օր է որեւէ կերպ չեն հակադարձում պաշտոնապես առաջադրված այդ մեղադրանք-պահանջին եւ բացարձակապես անհասկանալի լռություն են պահպանում՝ ըստ էության քաջալերելով Ադրբեջանի նման վարքագիծը։ Հայաստանի իշխանությունների լռությունը լրջագույն կասկածներ է հարուցում հատկապես այն պատճառով, որ առկա են Խոջալուի դեպքերում հայկական կողմի պատասխանատվությունը հերքող բազում արժանահավատ ապացույցներ։ Դրանց մեջ ամենակարեւորը՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունն էր դեպքերից անմիջապես հետո, որում նա մեղադրել էր Ադրբեջանի Ազգային ճակատին Խոջալուի ողբերգությունը կազմակերպելու եւ այն իրեն իշխանությունից հեռացնելու նպատակով օգտագործելու համար (տես՝ Մութալիբովի հարցազրույցը չեխ լրագրող Դանա Մազալովային, որը հրապարակվել է «Независимая Газета»-ի 1992թ. ապրիլի 2-ի համարում)։
Այդ բացահայտումը հաստավում է նաեւ այլ կարեւոր վկայություններով, փաստաթղթերով եւ տեսանյութերով, որոնց թվում են հայտնի հեռուստալրագրող եւ Ադրբեջանի Ազգային հերոս Չինգիզ Մուստաֆաեվի նկարահանումները եւ Խոջալուի դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողովին տված նրա վկայությունները, որոնք բավականին լավ փաստագրված են տարբեր հրապարակումներում։ Հատկանշական է, որ մի քանի ամիս հետո նա սպանվեց կասկածելի հանգամանքներում։ Նույն շարքում են Դանա Մազալովայի բազում հրապարակային ելույթներն ու վկայությունները Խոջալուի դեպքերը նենգափոխված ներկայացնելու ադրբեջանական քարոզչամեքենայի փորձերի դեմ, Ադրբեջանցի հայտնի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաեվի հրապարակումը «Реальный Азербайджан» թերթի, 2005թ. ապրիլի 29-ի համարում։
Ապացույցների այս ցանկն ամենեւին չի հավակնում սպառիչ լինելուն։ Ցանկացողները կարող են համացանցում եւ հրատարակված բազում աշխատություններում՝ մասնավորապես Թաթուլ Հակոբյանի հեղինակած «Արցախյան օրագիր. Կանաչ ու սեւ» գրքում, գտնել լրացուցիչ ապացույցներ։
Նման առատ նյութի առկայության պայմաններում Հայաստանի իշխանությունների կողմից վճռական հակադարձման բացակայությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ երկրի ղեկը գտնվում է Հայաստանի պետական շահը չներկայացնող, ապաշնորհ մի խմբակի ձեռքերում։
Ստորեւ կցում ենք հիշատակված եւ այլ օգտակար նյութերի պատճեններ եւ հղումներ։
1. Մութալիբովի հարցազրույցը
2. Չինգիզ Մուստաֆաեվի ցուցմունքները Ադրբեջանի խորհրդարանի Խոջալուի դեպքերի քննիչ հանձնաժողովին՝ https://youtu.be/iKyVe2n7FtE
3. Դանա Մազալովայի հարցազրույցը Արմենպրես լրատվական գործակալությանը՝ https://armenpress.am/rus/news/1005249.html
4. Էյնուլլա Ֆաթուլլայեվի հարցազրույցը Ազատություն ռադիոկայանի լրագրող Դեյզի Սինդելարին բանտից ազատ արձակվելուց հետո https://www.panorama.am/ru/news/2011/11/23/fatullayev-xocali/851671 »։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները