Փաստաբան. Լուսանկարելու են իմ իմացած օպերներին
«Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների: Այնուամենայնիվ ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ իբրև թե ցուցարար»,-այս մասին գրում է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը։
Նրա խոսքով, այս պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հենց նրանք են այն սադրիչները, որոնք շշեր կամ այլ առարկաներ նետելով սկսում են խժդժություններ` ոստիկանության համազգեստավոր ծառայողների համար զանգբածային ձերբակալություններ սկսելու առիթ տալու համար:
«Հետայսու կամ ես կամ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին (որոնք էլ ինձ շատ լավ գիտեն):
Ավելացնեմ նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի ժամանակ պետք է լինի ոչ թե նորմ, այլ` բացառություն: Բուն ուժի կիրառման ժամանակ գործում է հավաքի մասնակիցների բազմազանության սկզբունքը և ուժի հասցեատերը չի կարող լինել խաղաղ ցուցարարը: Ավելին` մեկ երկու շիշ նետելու փաստն ինքնին հիմք չէ զանգվածային ձերբակալությունների համար:
Ոստիկաննե´ր մի ալարեք ու կարդացեք «խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանների գործունեության վերաբերյալ» ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ձեռնարկը
Ինչ վերաբերվում է կարմիր բերետավորների կողմից ցուցարարներին ծեծելու դեպքերին, ապա դա հանցագործություն է, որի համարժեք արձագանքը ոչ թե ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելն է, այլ` քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելն ու դատախազության կողմից հանրայինք քրեական հետապնդում հարուցելը:
Տվյալ դեպքում, այս շարժման շրջանակներում դեռևս որևէ ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել: Ի հակառակ սրան` ձերբակալվում են օբյեկտիվ ապացույցներով անմեղ անձինք:
Ոստիկանության ու քննչական կոմիտեի այս փոխլրացնող ապօրինի գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ կատարվողը քաղաքական իշխանությունների ուղիղ ցուցման արդյունք են»,-նշում է նա։