Նարեկ Սամսոնյան. Այս գործը մեզ լռեցնելու մասին է
«Մեզ համար ռիսկը կար։ Գոհ ենք դատարանի որոշումից, մերժեց հանրային մեղադրողի միջնորդությունը»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա ցավ հայտնեց, որ ծավալված իրավական քննարկման ընթացքում այդպես էլ չի փարատվել իրենց կասկածը, որ մեղադրանքի կողմը փորձոմ է ավելի շատ սահմանափակել Նարեկի ու Վազգենի խոսքի ազատությունը, քան այն ողջամիտ է ենթադրել։
«Մեր հիմնական փաստարկն այն էր, որ խափանման միջոց կիրառելու նպատակը երեք ռիսկերից մեկի սահմանափակումն էր՝ հանցանք կատարելը կանխելն էր։ Ես էլ, Բաբայանն էլ փորձել ենք ու փորձելու ենք կարմիր գիծը նախանշել, անգամ դրանից մի քանի մետր այս կողմ բերել, որ խնդիրներ չառաջանեն, տեսնում ենք, որ խոշորացույցով վերլուծվում է, հետևություններ են արվում։ Մենք չենք ցանկանում, որ մեր ընկերները նոից հայտնվեն ճաղավանդակի հետևում»,-ասաց Մելիքյանը։
Լրագրողների հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն արդար որակեց դատարանի որոշումը, ասաց՝ դատավորը կատարել է ոչ թե հրահանգ, այլ իր գործը։
«Այս գործը բացառապես քաղաքական է, մեզ լռեցնելու մասին է, մեզ երկու ամիս լռեցնելը խափանման միջոց չէ, պատիժ է, մեր նկատմամբ հետապնդումները նոր չեն, արդեն վեց տարի է, ես չեմ պատկերացնում նման Հայաստան, ես ուզում եմ, որ ապագայի Հայաստանը չունենա քաղաքական հետապնդումներով զբաղվող դատախազություն»,-ասաց նա։
Սամսոնյանն ընդգծեց, իրենք օրինապաշտ քաղաքացիներ են, պահելու են դատարանի որոշմամբ նախատեսված սահմանափակումները։ Նաև ասաց, անկեղծ խղճում է Նիկոլ Փաշինյանին, նա մեղք է։
«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն էլ ընդգծեց, որ իրենց նկատմամաբ իրականացվողը վախի դրսևորում է, իսկ հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունն անհեթեթ որակեց, որի միջոցով ցանկանում են հոգեբանական ճնշում գործադրել իրենց վրա։
«Ես վստահ եմ, որ մեզ արդարացնելու են, դրանից հետո մենք կվերադառնանք մեր ազատ խոսքին»,-ասաց Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ
- Վազգեն Սաղաթելյանի խոսքը հունից հանեց հանրային մեղադրողին, դատավորը նրանց հորդորեց բառախաղի մեջ չմտնել
- Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
- Դատախազն ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, խախտել են խափանման միջոցի պայմանը, պետք է կալանավորել. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում