Վազգեն Սաղաթելյանի խոսքը հունից հանեց հանրային մեղադրողին, դատավորը նրանց հորդորեց բառախաղի մեջ չմտնել
«Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի փաստաբան Արսեն Բաբայանը ևս առաջարկեց ամբողջությամբ մերժել հանրային մեղադրողի միջնորդությունը Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին երեք ամսով կալանավորելու վերաբերյալ։
Բաբայանը երկու հանգամանք բացահայտելու համար շնորհակալություն հայտնեց հանրային մեղադրողին. «Միջնորդությունը հաստատում է մեր այն պնդումը, որ դրա նպատակն է զրկել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին քաղաքական գնահատական, դիրքորոշում արտահայտելուց։ Դատավորի որոշման մեջ ես չեմ տեսնում, որ ընդհանրապես արգելված է հաղորդում վարել։ Եթե նույնիսկ նման բան է նշանակում, ապա նրանք հաղորդում չեն վարել»։
Հանրային մեղադրողը հաստատեց, ըստ նրա, որ մեղադրանք առաջադրված է ապաքրեականացված վիրավորանքի հոդվածով։ Արսեն Բաբայանը նկատեց, չի կարծում որ «քնձխ»-ն անպարկեշտ բառ է, հակառակ դեպքում ինքն այդքան մարդու մոտ այն արտաբերել չէր կարողանա։
Վազգեն Սաղաթելյանն էլ իր խոսքում նշեց, որ հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունն անբովանդակ է և անլուրջ, իսկ այն ներկայացնելով՝ սթրեսի են ենթարկում իրենց հարազատներին։
«Իմ կարծիքով, նման բովանդակությամբ միջնորդություն բերելն իրավունքի չարաշահում է, նաև ցույց է տալիս Ձեզ ուղղված վերաբերմունք, հարգելի դատավոր»,-ասաց նա։
Սաղաթելյանն ասաց, ոչ պոդքասթ են վարել, ոչ էլ այլ պոդքասթի հյուր են գնացել։
«Այս մեղադրանքը շատ անլուրջ է»,-ասաց Սաղաթելյանը։
Մեղադրող կողմն ընդհատեց Սաղաթելյանի խոսքը, դիմեց դատավորին. «Մենք համբերատար սպասում ենք, ի՞նչ պետք է լինի, որ դատավորը միջամտի»։
Դատավոր Արման Հովհաննիսյանն արձագանքեց. «Եկեք բառախաղի մեջ չմտնենք, մարդը երկուսուկես ամիս ազատությունից զրկված է եղել, չի՞ կարող ասել՝ մեղադրանքն անհեթեթ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Դատախազության նպատակն է Սամսոնյանին ու Սաղաթելյանին հանրային դաշտից կտրել
- Դատախազությունը միջնորդում է կալանավորել Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին. ՈւՂԻՂ
- Դատախազն ասում է՝ քանի որ Նարեկն ու Վազգենը լայվ են մտնել, խախտել են խափանման միջոցի պայմանը, պետք է կալանավորել. Արսեն Բաբայան