Ի հեճուկս աղետի՝ Երևանում հանդես կգա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով հունիսի 7-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ շվիահար Սարգիս Ալեքսանյան): Այս մասին հայտնում են ֆիլհարմոնիայից։
Ի հեճուկս վերահաս աղետի՝ անսամբլի երաժիշտները որոշել են, որ համերգը տեղի կունենա, նրանք կգան ու հերթական անգամ կհաստատեն, որ լոռեցին աննկուն է անգամ ամենադժվարին պայմաններում: Նրանք կհնչեցնեն հայրենի երգն ու երաժշտությունը, որպես սփոփանք ու քաջալերում, որպես նվիրում Լոռվա չքնաղ աշխարհին:
Երեկոյի ընթացքում անսամբլի երաժիշտներն ու մենակատարները հանդես կգան ազգային երաժշտության կատարումներով. ժողովրդական, գուսանական, հայրենասիրական երգեր, հայ կոմպոզիտորների ծանոթ և սիրելի ստեղծագործություններ: