Դուք իմ տեղը նստած լինեիք, ձեզ շատ ավելի լավ «կչորեիք», քան ես եմ ինձ թույլ տալիս․ Արարատ Միրզոյանը՝ Ռուստամյանին
«Եթե կարճ գնահատենք՝ դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետև կառավարության ծրագիրը չեք կատարել մի քանի ուղղություններով»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Նա նշեց, որ ՀԱՊԿ մասով, օրինակ, ծրագրում մի բան է գրված, իշխանությունը բոլորովին այլ բան է արել։
«Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն, ինչ գրված է կառավարության ծրագրում, դրա ճիշտ հակառակն է արվել։ Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել։ Այսպես կարելի է շարունակել։ Սրանք բոլորը ձեր կառավարութան ծրագրից բխող քայլեր էին, որոնք պետք է կատարվեին, բայց չեն կատարվել մինչ հիմա»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, ճիշտ հակառակն է եղել՝ կատարվել են Ադրբեջանի պահանջները, օրինակ, սահմանազատման, սահմանագծման մասով։
«Ադրբեջանի պահանջն է, ծրագիրն է իրականացվում։ Ադրբեջանը պահանջում է մի բան, մենք դա հիմնավորում ենք, սկսում ենք իրականացնել։
Այս առումով բյուջեի կատարողականը ինչպե՞ս եք գնահատում որպես օգտակար ու արդյունավետ»,- ասաց պատգամավորը։
Արարատ Միրզոյանն ասաց, որ չի կիսում ընդդիմադիր պատգամավորի գնահատականները, նաև ռազմավարական, երկարաժամկետ, հիմնարար առումով այն մոտեցումները, որից ելնելով ներկայացնում է իր գնահատականները, համարում է մոլորություն առնվազն, իսկ ավելի լուրջ գնահատմամբ՝ կործանարար Հայաստանի համար։
«Մտածելակերպ, որ պատճառն է եղել այն աղետների ու արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է տասնամյակներով մեզ ներարկված՝ ներսից, դրսից։ Համոզված եմ՝ դրսից։ Այդ մտածելակերպն է, որ մեզ կանգնեցրել է այն կոտրած տաշտակի առջև, որի առջև կանգնած ենք վերջին տարիների ընթացքում։
Հայաստանի կառավարությունը արել է, անում է մի շարք հետևություններ, ըստ այդմ արել է խմբագրումներ, սրբագրումներ, նույնիսկ տեխնիկական փաստաթղթերում, ռազմավարական նշանակության փաստաթղթերում, ինչպես օրինակ կառավարության ծրագիրն է։
Դուք ձեր տված հարցին, եթե գայիք այստեղ նստեիք, ավելի լավ կպատասխանեիք, ձեզ շատ ավելի լավ «կչորեիք» քան ես եմ ինձ թույլ տալիս»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան