Նիկոլական նոր «թեզերը» - Թումանյան
Ժամանակի հետ, նույնիսկ՝ շատ կարճ ժամանակի հետ, հետևորդը սկսում է կրկնել իր ընտրած առաջնորդի բառերը, վարքը, սկզբունքները, հնարավոր է նաև՝ բարոյական կերպարը։
Նիկոլական ֆեյքերի բերանը մեկնաբանություններում շատ կեղտոտ է։ Հայհոյանքներ, անեծքներ, մեղադրանքներ ու գնահատականներ՝ անկախ ասողից, ասվածից, թեմայից, փաստերից։ Մի բնազդային ճանաչողություն ունեն, թե այդ նկարը ու վերնագիրը ումն են, իրենցից է, թե ոչ։
Եթե ոչ՝ հայհոյանքները պատրաստ են։
Ոչ մի փաստական վերլուծություն, հավասարակշիռ խոսք չեմ հանդիպել։
Վերջերս սկսել են իրենց խոսքերը Բագրատ Սրբազանի, նրա կողքի մարդկանց դեմ, հակակրանքը, ատելությունը ծածկել... Թումանյանով։ Իբր՝ տեսեք ինչ է ասում ազգի մեծը։
Ու ցիտում են, թե՝
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։
Իբր՝ տեսեք ովքեր են սրանք, ինչ արժեքներ ունեն։
Զարմանալի տգիտություն։ Նախ՝ մեջբերումը «Գութանի երգից» է, որտեղ գյուղացին իր հոգսերն ու վախերն է պատմում, սա գեղարվեստական գործ է, ոչ թե փաստագրական։
Երկրորդ՝ ձեր կարծիքով եթե կա մեկը, երկուսը... ուրեմն բոլո՞րն են այդպիսին։
Եթե այդպես է, ապա ինչու դուք որպես մարդ հերոսներ չեք։ Հարմա՞ր չէ։
Եթե մեջբերում եք, պետք էր գոնե Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հրապարախոսությունից մեջբերել.
«Հոգևորական է, ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք- միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել»։
Բայց դրա համար պետք էր նախ կարդացած լինել այս հրապարախոսությունը, հասկանալ ինչի մասին է, անցնել այնպիսի բնորոշումներից, որ ընդունելու հերոսություն են պահանջում, հետո նոր հասնել այդ պարբերությանը։
«Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով»։
Չէր կարող հոգևորականի որդի Հովհաննես Թումանյանը համատարած մեղադրել «տերտերներին»։ Գիտեի՞ք.
«Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող»։
Չանցավ ձեր մեջբերումը, հասկանու՞մ եք։
Դառնացած եք դուք էլ՝ լեղի։
Թումանյանն ասում է, որ վարունգը դառնանում է, երբ թուփը ոտքի տակ է ընկնում։ Լեղի մաղձը, որ կրում եք ձեր մեջ ու ամեն օր ցփնում մեկնաբանություններում, մի բան է ապացուցում՝ ոտքի տակ եք, ոտքի տակ...։