Երբ Փաշինյանն ասում էր ԽԾԲ՝ խնամի, ծանոթ, բարեկամ, տենդերներ, սա հենց էդ պատմությունն է. Արթուր Չախոյան
Արդեն ամռան առաջին ամիսն է, բայց Երևանի շատ փողոցներ դեռ խորը փոսերի մեջ են։ Երևանի քաղաքապետարանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետի նորանշանակ պաշտոնակատարը Տիգրան Ավինյանից խնդրեց թույլ տալ մեկ անձից գնումների միջոցով իրականացնել փողոցների փոսանորոգումները։ Քաղաքապետարանում անորակ աշխատանքի և կոռուպցիոն ռիսկերի մասին պարբերաբար բարձրաձայնում է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը։
Վերոնշյալ և այլ խնդիրնեի շուրջ իր խոսքը Արթուր Չախոյանը ներկայացրեց «Panorama-հարցազրույցի» տաղավարում։
Չախոյանի խոսքի հիմնական կետերը ստորև.
▪Այդ ամենը համակարգային կոռուպցիա է։ Ես հանրայնացրել եմ կոռուպցիոն այնպիսի դեպքեր, որոնք հնարավոր չէ ասել, որ դրանք կոռուպցիայի փաստեր չեն։ Ոչ թե իմ խոսքերով, այլ հենց իմ հրապարակումից հետո Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ, այո, նման բաներ կան։ Բայց ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, ինչը փաստում է, որ վերևից այդ ամեն ինչն աչքաթող են անում։
▪Ես մի տեսանյութ էի նկարահանել, ուղիղ մեկ տարի առաջ և մեկ տարին լրացավ։ Այն վերաբերում էր մի փողոցի, որտեղ փոսանորոգում էին կատարել, որը մինչ այդ քանդվել էր։ Դրանից հետո Տիգրան Ավինյանին զեկուցում են, թե փոսանորոգումները կատարվել են ըստ ծավալների։ Այդ փողոցը նկարահանեցի, հրապարակեցի և անցել է մեկ տարի և մինչ օրս նույն փողոցը նույն փոսերի մեջ է։ Միայն դա չէ, բոլորդ էլ տեսնում եք, թե Երևանը ինչ փոսերի մեջ է, կաթվածահար վիճակում, որ սովորական անձրևից հետո վերածվում է «Վենետիկի»։
▪Նիկոլ Փաշինյանը երբ իշխանության էր գալիս, ասում էր. «Տենդերները, կոռուպցիա քաղաքապետարանում, մեկ անձից գնումներ... Այ, էդ ում ֆիրմեն է, տեսնես... Հաստատ էն մեկի բարեկամն է, բոլորը պետք է դատվեն»։ Այդ ամենից հետո այսօր Երևանի քաղաքապետարանը շատ մեծ ծավալներով մեկ անձից է գնումներ կատարում։ Բա Նիկոլ Փաշինյանն ո՞ւր է, որ ասում էին՝ կոռուպցիան այսպես է լինում, հո պոզով-պոչով չի լինում։ Վերջերս Երևանի քաղաքապետարանում հայտնեցին, որ փոսանորոգման աշխատանքները պետք է իրականացվի մեկ անձից գնման միջոցով։
▪Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր ԽԾԲ՝ խնամի, ծանոթ, բարեկամ, տենդերներ, սա հենց էդ պատմությունն է։ Դուք գիտեք, թե տենդերներն հիմա ինչպես են շահում՝ խնամի, բարեկամ, ծանոթներով կամ ատկատներով, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակի բարեկարգման տենդերը շահել է «Էլդոգար» ընկերությունը, որը Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության նախկին պետ ազգագրագե Խորեն Գրիգորյանի ազգականը, ընկերը, մտերիմն էր։ Հետաքրքիրն այն է, որ Ապրիլի 1-ին՝ խաբելու օրը Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի նախկին պաշտոնակատարը Ավինյանի խոստում տվեց, թե շինարարը մեծ տեմպերով աշխատում է և մայիսի 8-ին ավարտին կհասցնի։ Բայց ես Մասիվում եմ ապրում և տեսնում եմ, որ այնտեղ աշխատողներ չկան։ Այդ շինարարի և Խորեն Գրիգորյանի կապը նրանում է, որ վերջինս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կուրսեցին է։ Բա ԽԾԲ-ը, նախկիններին չէր կարելի, ներկա «հեղափոխականներին» կարելի է։ Չէ որ ժողովուրդը դուրս էր եկել այդ վատ բարքերի հովոնավորչության դեմ։
▪Հենց այս իշխանությունները, որոնք քարոզեցին «սև ու սպիտակները» Ալավերդիում տեղի ունեցած աղետի ժամանակ, երբ մահացել էին 4 հոգի. Կազմակերպեցին փարթի։ Այս իշխանությունները, որոնք այդ ատելությունը քարոզեցին և ներշնչեցին «սև ու սպիտակը»՝ «Սև ու սպիտակ» փարթի կազմակերպեցին՝ կանայք սպիտակ, տղամարդիկ՝ սև շորերով, այն դեպքում երբ երկրում աղետ էր և կային զոհեր։ Ինչ ասեց...
Հարցազրույցն ամբողջությամբ, կից տեսանյութում։