Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը
«ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ևս կալանավորվեց: Արդեն թվերը խառնում ենք, թե ով երբ է բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվեց, հետագայում ում տնային կալանք տվեցին, վարչական հսկողություն կամ ազատ արձակեցին»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա ավելացնում է՝ իհարկե սրա մասին գիտեն այն նվիրյալ իրավապաշտպանները, ովքեր օր ու գիշեր այս գործերով դետալային զբաղվում են:
«Կալանավայրերում անընդհատ հանդիպում ես տարբեր քաղաքական իրավիճակներում անազատությունից զրկված անձանց` Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից, Մամիկոն Ասլանյանից մինչև վերջին օրերին կալանավորվածներ:
Իշխանությունը որպես մարդկանց բերանները փակելու և պայքարից հետ կանգնեցնելու միջոց ընտրել է ծեծն ու ազատազրկումը: Դա իր ճակատագրական ընտրությունն է»,-նշում է պատգամավորը։
Նշենք, որ ՔԿ-ն քիչ առաջ հայտնեց, որ ԱԳՆ դիմաց ակցիայի երեք մասնակից կալանավորվել է, մեկի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։
Կալանավորվածներից մեկն էլ Գնել Պետրոսյանն է։ Նրան մեկ ամսով կալանավորել են ԱԳՆ շենքի դիմաց Շարժման իրականացրած ակցիայից հետո: Գնելը դեռ Կիրանցից Շարժման հետ է եղել: