Տրետյակովյան պատկերասրահում ցուցադրում են Երևանի Ռուսական արվեստի թանգարանի գլուխգործոցները
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այսօր կբացվի «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ Երևանում» ցուցահանդեսը: Այն նվիրված է Ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40 և թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր, բժիշկ, ԽՍՀՄ աշխատանքային հերոս, Մոսկվայի պատվավոր քաղաքացի Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակներին:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսը, որում ներկայացված է Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուի յուրահատուկ ընտրանին, նպատակ ունի մոսկովյան արվեստասեր հանրությանը ներկայացնելու թանգարանը, բացահայտելու բժիշկ-կոլեկցիոների հավաքածում առկա հայտնի նկարիչների դեռևս չցուցադրված աշխատանքները: Ցուցադրության 2 սրահները ներառում են բազմաթիվ հայտնի նկարիչների գրաֆիկական և գեղարվեստական աշխատանքներ: Մոսկովյան հանրությանը Երևանի Ռուսական արվեստի թանգարանը ներկայանում է այնպիսի հայտնի անուներով, ինչպիսիք են Կ. Կորովինը, Բ. Գրիգորիևը, Վ. Սերովը, Ն. Ռերիխը:
Ռիա նովոստիին Տրետյակովյան պատկերասրահից հայտնել են, որ ընդհանուր առմամբ, «Մոսկվա-Երևան-Մոսկվա. Ռուսական արվեստի թանգարան» ցուցահանդեսը ներառում է գեղանկարչության և գրաֆիկակակն 60 աշխատանք։
«Տրետյակովյան պատկերասրահի սրահներում առաջին անգամ հանդիպեցին Աբրահամյանի հավաքածուի երկու մասերը՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանին և նրա ընտանիքին պատկանող, ինչը հնարավորություն է տալիս մոսկովյան այցելուներին ներկայացնել բժիշկ-կոլեկցիոների ամենաթանկ հավաքածուն»,- ընդգծել են Պետական Տրետյակովյան պատկերասրահում։
Պրոֆեսոր Աբրահամյանը հավաքել է «Արծաթե դարաշրջանի»՝ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կերպարվեստի ստեղծագործություններ։ Մեծանուն բժիշկը որոշում է իր հավաքածուն նվիրել Հայաստանին: Արդյունքում՝ 1984 թ․ Երևանում պաշտոնապես այցելուների առջև իր դռներն է բացում «Պրոֆ․ Ա․ Հ․ Աբրահամյանի հավաքածու» թանգարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան