Հայաստանը սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի ուղղություններով. Գալուզին
«Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջոցով շփումներում, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«2023 թվականի նոյեմբերից ի վեր ԱԳ նախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ՝ մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։
Մենք մեղավոր չենք, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես արևմտյան երկրների ճնշման արդյունք, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- ասել է նա։
Գալուզինը նշել է, որ ակնկալում են խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու՝ Հայաստանի իշխանությունների հրապարակային արտահայտված մտադրությունը գործնականում կյանքի կկոչվի։
«Մենք դրան պատրաստ ենք»,- ասել է նա։
Միաժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև երկկողմ շփումները չեն ընդհատվում, հիշեցրել է մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։
ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական համակարգի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը։
Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան