ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիայի երեք մասնակից կալանավորվել է
Մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության առերևույթ 5 մասնակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում է հարուցվել։
ՔԿ-ից հայտնում են՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր դատարան ներկայացնելու հիմքով այդ անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում։ Նշված 5 անձանցից 4-ը ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդությունների քննարկման արդյունքում, դատարանի որոշումներով, նշված անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։
Կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված անձինք մեղադրվում են այն բանում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, նրանք, այլ անձանց հետ, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Այդ գործողությունների արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և խափանվել է հանրային միջոցառումը:
Նախաքննությունը շարունակվում է։
Միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական հետապնդման ենթարկվող մյուս անձին հայտնաբերելու, ինչպես նաև՝ խուլիգանական արարքների մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: