Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է․ Սուրեն Պետրոսյան
«Շարունակաբար մեզ փորձում են համոզել, որ մենք անզոր ենք և որևէ դերակատար լինել չենք կարող։ Միշտ հիշեք՝ հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ։ Դուք այսօր այն հերոսական ժողովուրդն եք, որը հողը պահում է հայկական, հակառակ պարագայում՝ իշխանությունը րոպե առաջ սա հանձնած էր լինելու»,- այս մասին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը։
Պետրոսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Սոթքի բնակիչների առջև խոսք ունենալը։
«Այս շարժումը մեկս մյուսին ունենալու մասին է և ամենակարևորը՝ մեր խոսքից ու մտքից պետք է դուրս գա «կենտրոն և սահմանամերձ» հասկացությունները։ Մենք՝ բոլորս, և՛ «կենտրոն» ենք, և՛ «սահմանամերձ»։ Դուք այսօր Երևանի կենտրոնն եք։ Երևանի կենտրոնն այսօր Գեղարքունիքի մարզն է։ Այդ կարևոր բեռը այսօր կրում եք բոլորդ։ Այս շարժումն անպայման հաջողելու է և այս շարժման մեջ ամենաառանցքային դերն ունեք հենց դուք, որոնք կրում են ողջ պետականության բեռն իրենց ուսերին։ Ես այս շարժման անունից խոստանում եմ, որ շարժման արդյունքում վերանալու է «կենտրոն», «սահմանամերձ» հասկացությունը։ Մենք այլևս նման խոսույթի իրավունք չունենք։ Ամբողջ Հայաստանը մեկ բաբախող սիրտ է։ Այս նպատակն իրականացնելու համար մենք ունենք մեկ քայլ, որտեղ դուք ունեք վճռորոշ դեր։ Ակնկալում ենք ձեր՝ բոլորի, մասնակցությունը հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում»,- ասաց Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան