ՔԿ-ն՝ Նարեկ Թևոսյանը կալանավորման մասին
Արցախի Վանք գյուղի բնակիչ Նարեկ Թևոսյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Անդրադառնալով գաղտնալսված հատվածում գումարի մասին խոսակցությանը՝ Ռ. Մելիքյանը նշել է. «Արցախի բարբառով «վընա՛ման» նշանսկում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ», ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել», ինչպես թարգմանել է, աղավաղել է Հանրային հեռուստաընկերությունը»։
Ավելի ուշ նա հայտնեց, որ դատական նիստում Հանրային հեռուստաընկերության «գեբելսյան սուտը» բռնվել է։
ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքի համապատասխան էջում հրապարակվել է երկու տղամարդու միջև հեռախոսային խոսակցություն, որտեղ նրանք զրուցում են կազմակերպվող բողոքի ակցիաներին մասնակցելու համար որոշ անձանց գումարներ բաժանելու, մասնակցության և արված ծախսերի համեմատ դրանց սակավ լինելու, այլ անձանց կողմից ավելի շատ գումար վերցնելու, իսկ իրենց դրանից անհամեմատ քիչ տրամադրելու, գումարային հարցերի շուրջ քննարկում ունենալու վերաբերյալ։
«Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված վերոնշյալ քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024թ. մայիս ամսին Կոտայքի մարզում բնակվող 29-ամյա երիտասարդը «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, անհնազանդության ակցիաներին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու նպատակով, ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ Նրա կազմակերպմամբ 2024թ. մայիս ամսվա ընթացքում հիշատակված հավաքներին բազմամարդություն ապահովելու նպատակով առնվազն 4 անձի՝ յուրաքանչյուրին մեկանգամյա մասնակցության համար, վճարվել է շուրջ 5.000 ՀՀ դրամ և այդ կերպ ապահովվել նրանց ֆիզիկական մասնակցությունը հավաքներին։
Նշված անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում։
Հունիսի 5-ին վերջինս ձերբակալվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 29-ամյա երիտասարդը կալանավորվել է։
Միջոցներ են ձեռնարկվում հավաքին շահագրգռելու համար առերևույթ տրամադրված ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև՝ այդ գործընթացում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ»,-նշում են ՔԿ-ից։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: