«Ժողովուրդ». ՔՊ-ականների և Անահիտ Ավանեսյանի միջև «սառը պատերազմը» շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՔՊ-ական պատգամավորների և նախարար Անահիտ Ավանեսյանի միջև «սառը պատերազմը» շարունակվում է: ՔՊ-ական պատգամավորներն այլևս անթաքույց և առողջապահական ոլորտը նախկինում ղեկավարող Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, արտահայտում են իրենց դժգոհությունն Անահիտ Ավանեսյանից: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անցնող շաբաթ ՔՊ-ական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ բավականին սառն են ընդունել ու ճանապարհել Ավանեսյանին՝ ի տարբերություն մյուս նախարարների, որոնց հետ նիստից դուրս նույն իշխանական պատգամավորները շատ ջերմ զրուցել են:
Հանձնաժողովի նիստի ժամանակ էլ բավականին սուր հարցեր էին տալիս Ավանեսյանին: Լարվածությունը ՔՊ-ական պատգամավորների և նախարարի միջև այնքան ակնհայտ է, որ անգամ Ավանեսյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, չկարողացավ կտրուկ հերքել դա, ինչպես նախկինում էր անում: Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում ՔՊ-ականների քննադատություններն իր և իր ղեկավարած նախարարության հասցեին, նախարարն ասել էր. «Մի քիչ հասկանալի չէր, թե ինչն էր խնդիրը, որովհետև կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակը, իրականացնում է, և մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է», – փորձել էր արդարանալ Ավանեսյանը և վերջում էլ որպես ինքնարդարացում՝ գովեստի խոսքեր հնչեցրել ինքն իր հասցեին, թե՝ ինքը «լավ նախարար է»: Նրա այս խոսքերը «մեմ» էին դարձել՝ հայտնի հումորային սյուժեի երգի նման՝ «ես լավ տղա եմ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։