Ձեր ծառաները շուտով հեռանալու են, դուք մտածեք, թե ինչ եք անելու․ Բագրատ սրբազանը՝ Ալիևին
Քաղաքացիները հավաքվել են Սբ․ Աննա եկեղեցու բակում, որտեղ տեղի է ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։Այսօր ևս իր ելույթից առաջ Բագրատ սրբազանն աղոթք հնչեցրեց։ Այնուհետև անդրադարձավ Ալիևի հայտարարություններին։
«Այն ինչ վերլուծաբանները, քաղաքագետներն ասում էին՝ այս կեղծ օրակարգի հետ կապված, երեկ տեսաք, թե Ադրբեջանի նախագահն ինչ հայտարարություն արեց, որ մինչև ՀՀ-ի Սահմանադրությունը չփոխվի, խաղաղություն չի լինելու։ Նա միևնույն ժամանակ խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության կամ չգոյության մասին՝ ցանկանալով ՀՀ-ի հետ պայմանավորվել՝ դադարեցնելու Մինսկի խմբի գործունեությունը։ Ես չեմ ուզում վերլուծություններ անել, ինձնից ավելի լավ անողներ կան, բայց զարմանքս միայն այն է, որ այս մարդիկ խաբելով ուղղակի հասցրել են այստեղ և հիմա սա էլ փորձելու են ինչ-որ ձևով շրջանցել՝ անատամ հայտարարություններ անելով։ Հստակ է, որ այս գործընթացներն ադրբեջանական կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով, հրամայականներով ու պարտադրանքներով։ Այն ինչ տեղի է ունեցել Տավուշում, զուտ շոշափելի արտահայտությունն է մնացած շերտերում տեղի ունենալիք իրադարձությունների»,- Սբ․ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խոսքով՝ ժամ առաջ հրատապ է դարձել այս իշխանությունների հեռացումը, այլ ճանապարհ չկա։
«Մենք դա անելու ենք՝ հստակ, պարզ և վստահՄեր պայքարը երկու ուղղությամբ է ՝ ներքին և արտաքին։ Հստակ կերպով մեր ուղերձն է Ալիևին ու բոլոր այն շահառուներին, որոնք խնդիր ունեն մեզ հետ, ձեր ծառաները շուտով հեռանալու են , դուք մտածեք, թե ինչ եք անելու։ Ոչ դու ոչ էլ քո գործընկերը, Հեյդարի որդի Ալիև, չեք կարող պարտադրել այն, ինչ ամբողջությամբ հակառակ է մեր կամքին,մեր կենսագրությանն ու գոյությանը։ Հայությունն իր խոսքը դեռ ամբողջական իմաստով չի ասել»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան