ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի՝ 2024թ. հունիսի 6-ին արած հայտարարությունների վերաբերյալ.
«Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում և` Ադրբեջանից:
ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:
Միաժամանակ համարում ենք, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող Խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ Կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:
Համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:
Ըստ այդմ համարում ենք, որ Կողմերի բոլոր մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց Համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմն արտահայտում է իր պատրաստակամությունը կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ»։
Հիշեցնենք՝ Ալիևը երեկ հայտարարել էր, որ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար կլինի, ինչպես նաև՝ Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնի Ադրբեջանին և Թուրքիային։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ
- Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ. Գեղամյան
- Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ԱԺ-ում վտանգավոր հայտարարություն է արել. Տիգրան Աբրահամյան
- Բաքվի բարբարոսական վարչախմբին Հայաստանից ցանկացած զիջում հանգեցնելու է նոր պահանջի և նախապայմանի. Ոսկանյան
- Ալիևը հերթական նախապայմանն է առաջադրում խաղաղության համար