Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը
Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այսօր Սաբունչիի շրջանային դատարանում Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հրապարակվել են հետաքննության փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք են առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածների հատկանիշներով՝ «ռազմագերիներին և միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված այլ անձանց խոշտանգելու, ինչպես նաև խաղաղության և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մասնակցելու և այլնի համար»։
1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:
Ավելի ուշ Արցախի Հանրապետության դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվում կալանավորել են Ռաշիդ Բեգլարյանին
- ՄԻԵԴ-ն Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ է տրամադրել՝ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին
- Հայաստանը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին