«Ժողովուրդ». Ինչ պաշտոնի համար է Քրիստինե Գրիգորյանը ստացել վարձատրություն վարչապետի աշխատակազմից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ և հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում և ձեռք է բերված 2021 թվականին, 2-րդ բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2015 թվականին։
Արտաքին հետախուզության ծառայության պետը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։ Քրիստիննե Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 862 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 հազար դոլար և 900 հազար դրամ։
Քրիստիննե Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 433 հազար դրամ, որից 2 մլն 698 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունից, 3 մլն 451 հազար դրամը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Գրիգորյանը եկամուտ է ստացել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 4 մլն 094 հազար դրամ, սակայն Գրիգորյանի կենսագրության որևէ ժամանակահատվածում նշված չէ, որ նա աշխատել է վարչապետի աշխատակազմում։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ պաշտոնի համար է ստացել վարձատրություն վարչապետի աշխատակազմից։
Քրիստիննե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց. «2023 թվականի փետրվարի 14-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել եմ ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնը։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքում»։
Երկրորդ հարցին. «Ինչո՞ւ կենսագրականում չկա վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին որևէ տվյալ» Գրիգորյանը պատասխանել է. «2023 թվականի հունվարի 24-ից հետո իմ կողմից հրապարակված միակ կենսագրականը, որը հասանելի է ՀՀ կառավարության կայքում, ներկայացված է շատ ամփոփ տարբերակով, և դրանում ներառված չեն մասնագիտական գործունեությանս ընթացքում իմ զբաղեցրած այլ պաշտոններ ևս»։
Քրիստիննե Գրիգորյանը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է 27 հազար դրամ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ից։ Գրիգորյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 161 հազար դրամ։ Արտաքին հետախուզության ծառայության պետի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 962 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Այսիսով՝ եզրակացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ-ից ստացված գումարը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումար է՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։ Վարկի մարմանը Գրիգորյանը ուղղել է 4 մլն 696 հազար դրամ։
Հավելենք, որ մինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ լինելը՝ Քրիստիննե Գրիգորյանը 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022 թվականի հունվարի 24-ին Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել և ավելի ուշ նշանակվել ԱՀԾ ղեկավար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում