Քաղաքագետ. Եթե ներքին հարց է, ինչո՞ւ էր հայտնի մեկն ասում, եթե Սահմանդրություն չփոխենք, ցլերը մեզ կգզեն
«Եթե նույնիսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, դա լինելու է դատարկ փաստաթուղթ, որտեղ հիմնական խնդիրները բաց են մնալու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով խաղաղության պամանագրի կնքման հնարավորությանն Ադրբեջանի ղեկավարի առաջ քաշած բազմաթիվ պահանջների համատեքստում։
Հիշեցնենք՝ Ալիևը երեկ հայտարարել էր, որ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումն ուղղակի անհնար կլինի, ինչպես նաև՝ Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային։
Սուրանյանցի խոսքով, դեմարկացիա-դելիմիտացիայի, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը չեն ներառվելու այդ փաստաթղթում, հետևաբար այն Հայաստանին որևէ բան չի տալու.
«Բայց Ադրբեջանը կարծես ուրիշ մարտավարություն է որդեգրել, նույնիսկ այդ հարցում չի շտապում առավելագույնը Հայաստանից կորզելու նպատակով։ Եթե Սահմանադրությունը ներքին հարց էր, ինչպես հայտարարում է ԱԳՆ-ն, ինչի՞ էր հայտնի մեկը՝ իշխանության բուրգին կանգնած ընդամենը 3-4 ամիս առաջ փետրվարին ասում, եթե Սահմանդրություն չփոխենք, ցլերը մեզ կգզեն։ ԱԳՆ-ի ու վարչապետի խոսույթները լրիվ տարբեր են»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահն ասել է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջ դենացիֆիկացիայի ու դեմիլիտարիզացիայի պահանջ է դրել, մաքսիմումն ուզում է ստանալ, և դա հնարավոր է համարում այս իշխանության օրոք։
«Այնպես որ շատ ավելի մռայլ պատկեր է ուրվագծվում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այժմ ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակն ի օգուտ Ադրբեջանի է, դա հաշվի առնելով վերջինը ձգտում է փակել Արցախի կլանման էջը, և հենց այդ պատճառով էլ առաջարկում է Հայաստանի հետ միասին դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար։
«Այս փուլում Ադրբեջանը փորձում է Հայաստանին պարտադրել այնպիսի փոփոխություններ, որոնք կամրագրեն իր ձեռքբերումները, որոնք աշխարհքաղաքական նոր ստատուս քվեն խմբագրել չի կարող։
Կարծում եմ՝ Ադրբեջանը հաշվարկել է, որ առնվազն մինչև մյուս տարվա առաջին ամիսները՝ ԱՄՆ ընտրությունները, նոր վարչակազամի ձևավորումը տուրբուլենտությունը միայն խորանալու է, փորձում է այս ընթացքում իր խնդիրները լուծել»,-ասաց նա։