Համաձայնագրով ամրագրվում է զենք, զինամթերք արտադրելու նպատակով Հունաստանի հետ համագործակցությունը. Արման Սարգսյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրեով մշտական հանձնաժողվը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։
Այն զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտնեց, որ 2018 թվականին հայկական կողմը հունականին առաջարկել է միջպետական մակարդակով կնքել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, ինչին ի պատասխան, որը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին ք. Աթենքում՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի և Սուրեն Պապիկյանի կողմից:
«Համաձայնագրի դրույթներով սահմանվում են կողմերի միջև համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ պաշտպանական կարողություններն ուժեղացնելու նպատակով նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի հետազոտությունների խթանում, զարգացման և արտադրության ոլորտներում համագործակցություն՝ կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:
Համաձայնագիրը ներառում է համագործակցության այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զինամթերքի արտադրության ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակում, ռազմական նշանակության ապրանքների և դրանց արտադրության ոլորտում հետազոտությունների իրականացում, դրանց արտադրության նպատակով համատեղ կազմակերպությունների հիմնում, ինչպես նաև կողմերի փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներ:
Համաձայնագիրը նախատեսում է դրույթներ ռազմատեխնիկական համագործակցության իրականացման միջոցների վերաբերյալ, այդ թվում՝ տեխնիկական անձնակազմի վերապատրաստում, երրորդ երկրներում արտադրված ռազմական նշանակության ապրանքների վերանորոգման և շահագործման հետ կապված ծառայությունների մատուցում:
Համաձայնագրի շրջանակներում երրորդ կողմերին համատեղ աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքն իրականացնելու, ինչպես նաև արտադրման թույլտվության տրամադրման համար կպահանջվի երկու կողմերի նախնական գրավոր համաձայնությունը, ընդ որում, դրանց՝ երրորդ կողմերին հասանելիությունը կկարգավորվի առանձին համաձայնագրերով:
Համաձայնագիրն իրականացնելու և համագործակցությունը դյուրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-հունական հանձնաժողով, որը պետք է իրականացնի Համաձայնագրի գնահատում, համագործակցության հետագա զարգացմանն ուղղված առաջարկությունների, գերակայությունների ներկայացում, իր աշխատանքային ժամանակացույցի հաստատում:
Համաձայնագրում ամրագրված է նաև դրա մեկնաբանման և կիրառման ընթացքում ծագող վեճերի լուծման, ինչպես նաև Համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դադարելու կարգը»,- ասվում է հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ստորագրվել է հայ-հունական ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը
- Հայ-հունական հարաբերությունները ավանդականորեն ամուր հիմքերի վրա են գտնվում․ Նիկոս Դենդիաս
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին