Ոնց եք շրջանցում բացասական եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ ժողովրդին. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին
«Ոնց եք շրջանցում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության բացասական այս եզրակացությունը և օրինագիծը ներկայացնում հայ ժողովրդին»,- Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՆԳ նախարարաի տեղակալ Արփինե Սարգսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մինչ այդ Արփինե Սարգսյանը զեկուցեց «Ոստիկանության մասին» օրենքում և կից օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով Ոստիկանությանը իրավունք է տրվում 24 ժամյա ռեժիմով հասանելիություն ունենալ բանկերից, վարկային կազմակերպություններից, գրավատներից, դեղատներից, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերից, փոստային կապի օբյեկտներից, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներից, ուսումնական հաստատություններից, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններից, 100 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներից, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերից, առևտրի իրականացման վայրերից, մետրոպոլիտենի, ստորգետնյա ավտոկայանատեղերից, 50 քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներից կատարվող տեսանկարահանման սարքերին։
Մանուկյանը հայտնեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հսկայական թղթածրար է ներկայացրել, որի եզրակացության մեջ ասվում է. «Նախագծի կոնկրետ դրույթների լրացումների վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չենք ներկայացնում, քանի որ նախագծով նախատեսված տվյալների մշակումն ինքնին խնդրահարույց են անձնական տվյալների մշակման սկզբունքների տեսանկյունից»։
Արփինե Սարգսյանը նշեց, որ կառավարության կոմիտեի քննարկման ժամանակ Արդարադատության անախարարության Անձնական տվյալներկ գործակալության կարծիքը եղել է, բայց փոխվարչապետի գլխավորությամբ դրանց շուրջ քննարկումները շարունակվել են, և, ի վերջո, կառավարության նիստում արդարադատության նախարարը կողմ է քվեարկել նախագծին։
Արփինե Սարգսյանը ենթադրեց, որ կոմիտեի նիստում քննարկումները բավարար են եղել, որպեսզի արդարադատության նախարարը կողմ քվեարկի։