«Ժողովուրդ». ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործը ավարտական փուլում է: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Ասել է թե՝ առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի ու այն կուղարկվի դատարան։
Նշենք, որ երեկ ArmLur.am-ը գրել էր, որ նախաքննական մարմինն օրերս միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը երկարացնի ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած եւ պայթյուն իրականացրած երեք կալանավորների կալանքի ժամկետը։ Արդյունքում՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2 -ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով:
Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։
Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեցին Հովակիմյանին։
Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր-Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր իրականացրել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհանիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։