Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Շառլ Ազնավուր 100» խորագրով համերգ՝ Ղասսան Յամմինի մասնակցությամբ
Հաշվի առնելով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում նշվում է մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանը, «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» անմասն չմնալով մի շարք համերգային նախագծերից հունիսի 8-ին նախաձեռնել է հոբելյանական համերգ՝ ի պատիվ համաշխարհային հայի։
Համերգի շրջանակներում «Նյու Ջեներեյշն փրոջեքթը» Հայաստան է հրավիրել Ազնավուրի երգերի հայտնի և անհավանական նմանությամբ կատարող Ղասսան Յամմինին, ով ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան։ Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ վերջերս՝ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին «Նյու Ջեներեյշն փրոջեքթի» հրավերով Արամ Խաչատրյան համերգասրահում կրկին Հանրային Ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և դիրիժոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ։
Ղասսան Յամմինը խոստովանել է՝ երկար տարիներ կատարում է Ազնավուրի երգերը, բայց դրանք կրկին՝ արդեն երկրորդ անգամ կատարել Հայաստանում, բոլորովին այլ զգացողություն է։ Նա կարծում է՝ Ազնավուրի երգերը հենց Հայաստանում պետք է կատարվի։
Մաեստրո Երզնկյանը համերգին մասնակցելու առաջարկը մեծ սիրով է ընդունել, քանի որ, նրա խոսքով, ելնելով նախորդ համերգի փորձից վստահ կարող է ասել, որ այս անգամ ևս հանդիսատեսը մեծ բավականություն կստանա և հրաշալի առիթ է մեկ անգամ ևս վայելելու մեծն շանսոնյեի սիրված երգերը։
«Անմասն չմնալով Շառլ Ազնավուրի հոբելյանի առթիվ կազմակերպվող միջոցառումներից,
որոշեցինք Հայաստան հրավիրել դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինին, ով նախորդ համերգից հետո բավականին սիրվել էր մեր հանդիսատեսի կողմից և վստահ կարող ենք ասել, որ սպասվում է յուրահատուկ երեկո»,- նշել է «Նյու Ջեներեյշն» նախագծի հիմնադիր Շմավոն Գրիգորյանը։
«Նյու Ջեներեյշն փրոջեքթ»-ից հայտնում են, որ հունիսի 8-ին կայանալիք համերգից հետո հաջորդ համերգը նախատեսված է հուլիսի 19-ին. առաջին անգամ Հայաստանում ելութ կունենա «Queen Sensation» խումբը, իսկ օգոստոսի 9-ին բացառիկ «Վիվալդի DJ» խորագրով համերգը կներկայացվի, որը իր տեսակով բացառիկ է և առաջին անգամ է նման ծրագիր ներկայացվում Հայաստանում։ Մաեստրո Երզնկյանի հետ համագործակցությունը լինեու է շարունակական. հետաքրքըր համերգային նախագիծ է սպասվում նաև հոկտեմբեր ամսին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան